ՄԻՊ-ը չի քննարկի Մալխասյանց 4 շենքի բնակիչների դիմում-բողոքը
ՄԻՊ-ը չի քննարկի Մալխասյանց 4 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակիչները բողոքն ընդդեմ կառուցապատողի։ Panorama.am-ին այս մասին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «ՀԵՆՔ» ընկերության՝ Մալխասյանց 4 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակիչները բողոք դիմում են հասցեագրել Նիկոլ Փաշինյանին՝ պատճենն ուղարկելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանին, Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Գևորգյանին։
Բնակիչները մասնավորապես ահազանգում էին. «Կառուցապատողը վաճառքից հետո ինքնակամ փոխել է իր կողմից վաճառքի պահին ներկայացված պայմանները, թանկացնելով սպասարկման վճարը՝ սահմանելով շուկայականից շատ բարձր գին (370 ՀՀ դրամ է քառ. մետրի դիմաց, որի մեջ ներառված չէ աղբահանություն, վիտրաժային պատուհանների մաքրում, ինչպես խոստացվել էր վաճառքի պահին, բնակիչների կողմից 24/7 օգտագործման մարզասրահ, լողավազան) և ամեն գնով փորձում է ստիպել բնակիչներին ճնշման տակ համաձայնել առաջարկվող պայմաններին: Եթե կառուցապատողը ցանկանում էր բնակարանները վաճառել միայն ֆինանսական հատուկ հնարավորություններ ունեցող անձանց, ապա նախապայմանը պետք է սահմաներ նախքան բնակարանների վաճառքը և ոչ թե post factum` սեփականատերերին կանգնեցնելով փաստի առջև:
Ցանկացած խոսակցություն կառուցապատողի հետ ապարդյուն է, քանի որ այն ավարտվում է վիճաբանությամբ և դատարան գնալու առաջարկո»։
Կառուցապատող «Հենք» ՍՊԸ-ի դեմ Երևանի Մալխասյանց 4 շենքի բնակիչների դիմում-բողոքի առնչությամբ, որի պատճեն ուղարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, ՄԻՊ գրասենյակից Panorama.am-ին հայտնեցին.
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի համաձայն ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Պաշտպանը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը։
Վերոգրյալ իրավակարգավորումների հիմնավորմամբ՝ ներկայացրած բողոքի քննարկումը դուրս է Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից, քանի որ այն առնչվում է մասնավոր կազմակերպությանը, հետևաբար բողոքը ենթակա չէ քննարկման»։
Հարակից հրապարակումներ`
- Մալխասյանց 4 նորակառույց շենքի բնակիչներն ահազանգում են. Կառուցապատողը շանտաժի նոր մեխանիզմ է ընտրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները