Նաիրի Սահյան. Դա բարոյական վիրավորանք է ինձ, դավաճանության նման բան է
Բանաստեղծ Համո Սահյանի որդուն՝ Նաիրի Սահյանին, զայրացրել է այն փաստը, որ հոր պատկերը հայտնվել է հայկական արտադրության գուլպաների վրա։
«Դատի եմ տալու արտադրողին։ Դատի եմ տալու, որովհետև դա բարոյական վիրավորանք է ինձ։ Շատ խորը վիրավորանք և ոչ միայն ինձ, այլ հասկացող, մտածող մարդկանց, հայերին։ Սահյանն ազգի մեծերից է։ Ոչ թե ասում եմ, որ հայրս է, այլ իրոք, ազգի մեծերից է, չի կարելի արժեզրկել, պղծել ամեն ինչը։ Սա դավաճանության նման բան է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նաիրի Սահյանը։
Նաիրի Սահյանը Համո Սահյանի միակ ու վերջին ժառանգն է։ Նա նշեց, որ նման դեպքերում պետք է իրեն հարցնեն։
«Ես, իհարկե, իմ համաձայնությունը չէի տալու, իսկ առանց իմ համաձայնության՝ օրենքի խախտում է։ Առաջին՝ օրենք են խախտել, երկրորդ՝ ինձ վիրավորել են։
Եթե ինչ-որ մեկը Սահյանի նկարը դներ իր պատշգամբում, ասեր՝ սիրում եմ այս մարդուն, դնում եմ, ոչինչ չէի կարող ասել այդ մարդուն։ Բայց կարելի՞ է պատկերել նասկու վրա։
Ամոթ չէ՞, այդպես կարելի՞ է վարվել։ Թումանյանի անվան հետ կապեցին «Թումանյան շաուրման»։ Չե՞ն ուզում մաքուր անուն մնա, պարծենան այդ մարդկանցով, ամեն ինչը պետք է կեղտոտե՞ն, պղծե՞ն։ Չի կարելի։
Խոսում եմ հիմա որպես քաղաքացի, ոչ թե որպես Սահյանի որդի։ Քաղաքացի, ով սիրում է պոեզիան, արվեստը։ Թումանյանի, Չարենցի, Իսահակյանի հետ կապված լինի՝ էլի վիրավորանք է ինձ համար։ Չի կարելի, այդ մարդիկ մեծ հարստություն, հոգևոր ժառանգություն են թողել։ Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել այդ մարդկանց հետ»։
Ն. Սահյանն ասաց, որ իրեն չի հետաքրքրում, թե ով է արտադրողը, հետաքրքրում է փաստը՝ արել է, պետք է պատասխան տա։
«Փող են շինում, այդքանը հասկանում են, բայց չեն հասկանում, որ այդ մարդու լուսանկարը չի կարելի նասկու վրա պատկերել։
Հզոր, զարգացած երկրներում փողերի վրա նախագահների նկարներն են։ Դրեք ձեր նախագահների նկարները փողի վրա, ինչի վրա ուզում եք, գործ չունեք մեր մեծերի հետ, մեղք են այդ մարդիկ։ Ողջ ժամանակ կյանքները կերաք, հիմա էլ մահից հետո եք ուտում, ի՞նչ եք ուզում»,- ասաց Համո Սահյանի որդին։
Նա նշեց, որ հետևողական է լինելու, տոներից հետո գործելու է, մարդկանց կանգնեցնելու է պատասխանատվության առաջ. «Խախտել է օրենքը, թող պատասխան տա։ Իսկ որ բարոյական հարված է ինձ հասցրել, դա ուղղակի ներում եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին