Իմ երկարատև բանտարկությունից երկու բանում շնորհակալ եմ Նիկոլին. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Նա «Հինգ հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում պատասխանել է 2023 թվականի վերջին քաղաքացիների՝ իրեն ուղղված բազմաբնույթ հինգ հարցերի։ Աշոտյանին ուղղված մի քանի հարց ներկայացրել է «Առավոտ»-ը։
Կարինե Մինասյան․ «Նիկոլը Գնաց Ռուսաստան։ Պուտինն էլ հարազատ երեխայի պես ընդունեց։ Հիմա եթե մենք մեղադրում ենք Նիկոլին, ինչո՞ւ են շան տեղ դնում»։
Արմեն Աշոտյան․ «Հարցն ընթերցելիս, հիշեցի մի քաղաքական ճշմարտություն։ Դիվանագիտությունը շանը մի ձեռքով շոյելու արվեստ է մինչ մյուս ձեռքը կհասնի փայտին։ Նիկոլին կարող են ընդունել, գրկել, շոյել, հյուրասիրել և օգտագործել Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում և Փարիզում, քանի դեռ հայ ժողովուրդը հանդուրծում է այն դառը իրևականությունը, որն աշխարհին ներկայացնում է հենց Նիկոլը։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք հետևյալ հանգամանքի վրա․ Եթե Հայաստանում մեդիա դիսկուրսը Նիկոլ-Պուտին հարթության վրա էր, ապա ռուսական դաշտում պիտերյան հանդիպումը Փաշինյան-Ալիև հանդիպման վրա էր կենտրոնացած։ Ակնհայտ է, որ Փաշինյանը գերագնահատում է իր խաղաքարտերի կշիռը ռուսական քաղաքական տրցակում։ Թե արևմտամետները, թե ռուսամետները նույն ձևով են արձագանքում Նիկոլի մասնակցությանը․ «տեսա՞ք, գնաց»՝ տարբեր իմաստներ դնելով այդ երկու բառի մեջ։ Թե հայ-ռուսական հարաբերությունների խորացող ճգնաժամը, թե գեոպոլիտիկ ավանտյուրիզմը մեկ այցով չեն բուժվում։ Ուստի, աշխարհաքաղաքական փլատակների տակ վերջնականապես չմնալու համար ես կառաջարկեի կենտրոնանալ Նիկոլի, և ոչ թե Մոսկվա, Պեկին կամ Բեռլին գնալու, այլ պաշտոնից գնալու վրա»։
Գարիկ Մանասյան․ «Մենք՝ հայերս, ատում ենք Նիկոլին, ցանկանում ենք հեռացնել նրան։ Ինչքան չենք հեռացնում, այնքան կործանվում ենք։ Ի՞նչ անենք»։
Արմեն Աշոտյան․ «Խոստովանում եմ, որ ես էլ երկար ժամանակ ատելություն ունեի նրա նկատմամբ, մինչև հասկացա, որ մեր ատելությունը նրան ուժեղացնում է, որ պետք է պայքարել սիրելով հայրենիքը, մարդկանց, այլ ոչ թե ատելով Փաշինյանին։ Ինչ անել հարցի պատասխանը շատ երկար է և ծավալուն։ Բայց եթե փորձեմ հակիրճ բանաձևել, ապա կառաջարկեի պարզ սխեմա․ խոստովանել սխալները, վերագնահատել մեզ միավորող արժեքները, համախմբվել, հավատալ, պայքարել և չհոգնել»։
Նաիրա Գալաջյան․ «Խնդրում եմ, անկեղծ պատասխանեք․ հնարավո՞ր է՝ դուք բանտից այս ֆորմատով մեզ կոչ անեք միասնական պայքարի և ուղղորդեք մեզ»:
Արմեն Աշոտյան․ «Անկեղծ պատասխանեմ․ իմ երկարատև բանտարկությունից երկու բանում շնորհակալ եմ Նիկոլին։ Առաջինը՝ լյարդս է, որ ալկոհոլի բացակայությամբ փոքրացել է և առողջացել, երկրորդը՝ վարկանիշս է, որ ակնհայտ և անարդար սարքած գործով մեծացել է։ Իսկ հիմա խնդրում եմ՝ դուք անկեղծ պատասխանեք․ հասարակությունը պատրա՞ստ է ոտքի կանգնել և իմ կոչի՝ որպես կայծի կարի՞քն ունի միայն։ Կարծում եմ, կհամաձայնեք՝ դեռ ոչ։ Հենց որ բանը հասնի կոչին, վստահեցնում եմ ձեզ, այն և պայքարի մյուս միջոցները չեն ուշանա։ Իսկ ձեր վստահության և հավատի համար, անշուշտ, շատ շնորհակալ եմ»։
Արմենակ Սաղաթելյան․ «Էս դավաճաններն իրենց հանցագործություններով և հայրենիքի վաճառքով մեզ թևաթափ են արել։ Իսկ այն մարդիկ, որոնք կրթություն չունեն, նրանց ստերին են տրվում։ Ո՞նց պայքարենք էդ ամենի դեմ»։
Արմեն Աշոտյան․ «Ձեր հարցի մասնակի պատասխանը հնչեցրել եմ երրորդ հարցի պատասխանում։ Կասկած չկա, որ համառորեն պետք է բացել մարդկանց աչքերը, սրտերը, հոգիները, չզլանալ, չհուսահատվել, չխուսափել։ Սա կարևոր լուսավորչական աշխատանք է։ Բայց կարծել, թե իշխանափոխության համար անհրաժեշտ է բացել ՀՀ քաղաքացիների վեց միլիոն աչքեր, ճիշտ չէ։ 100-120 հազար վճռական մարդկանց աջակցության դեպքում, նրանց միասնական և հավաքական գործունեության դեպքում իշխանափոխությունը Հայաստանում մի քանի շաբաթվա հարց է։ Իհարկե, հստակ ծրագրային ապահովման և մոբիլիզացնող առաջնորդության պարագայում»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ ոչ մի առանձին ուժ իշխանափոխություն իրականացնել չի կարող.Արմեն Աշոտյան
- «Եթե ես այնտեղ չեմ աշխատում, ինչպե՞ս կարող եմ ինձ տուժող համարել»․ Աշոտյանի գործով տուժող
- Թագուհի Թովմասյան. ԵԽ գլխավոր քարտուղարն արձագանքել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ իմ հրատապ նամակին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները