Transfermarkt. Ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստները
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է գլխավորել ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների վարկանիշն ըստ Transfermarkt-ի։
Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները վերջերս թարմացրել են մի շարք լիգաների, այդ թվում Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 3 մլն եվրոյով և այժմ կազմում է 18 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա կիսում է 2-4-րդ տեղը ՌՊԼ-ում։ Սպերցյանը գլխավորում է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների վարկանիշը։
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը ևս բարձրացել է՝ կազմելով 7 մլն եվրո (նախկին տրանսֆերային արժեքը՝ 5 մլն եվրո)։ Հայ ֆուտբոլիստների շրջանում նա երկրորդն է այս ցուցանիշով։
Լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (6 մլն եվրո)։ 4-րդն այս ցուցանիշով «Ալ ֆատեհի» հարձակվող Լուկաս Սելարայանն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 4,5 միլիոն եվրո։
Հայաստանի հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է․ 900 հազար եվրոյի փոխարեն այն այժմ կազմում է 1,8 մլն եվրո։ Էդգարն այս պահին 5-րդն է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների վարկանիշում։
ArmSport.am-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ՝ 12 հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը հատում է 1 միլիոն եվրոյի սահմանը։