Գարեգին 2-րդի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելուց հրաժարվելը քաղաքական բարձրագույն մակարդակի ողորմելի որոշում է. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելուց Հանրային հեռուստաընկերության հրաժարվելը քաղաքական բարձրագույն մակարդակի ողորմելի որոշում է:
Հայաստանի Հանրապետության ստեղծումից ի վեր` Վազգեն Վեհափառից սկսած, բոլոր կաթողիկոսների ամանորյա ուղերձները կեսգիշերից առաջ հեռարձակվել են Հանրային հեռուստատեսությամբ, ինչը մշտապես յուրահատուկ հոգևոր խորհուրդ է ունեցել ամբողջ աշխարհի հայերի համար:
Այս ամոթալի որոշումից հետո էլ Կառավարության ղեկավարի ընտանիքին պատկանող լրատվամիջոցով տարածվում են Մայր Աթոռին ու Վեհափառ Տիրոջը զրպարտող ու վարկաբեկող տեղեկություններ: Այդ տեղեկությունները բացարձակ սուտ են:
Այնպես որ Մայր Աթոռը ճիշտ որոշում է կայացրել և չի ընդունել Հ1-ի դիտավորյալ նսեմացնող առաջարկը։ Ու հիմա էլ առանց ամոթի մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ընդդեմ Մայր Աթոռի:
Սա ոտնձգություն է հայ ժողովրդի արժեքների և մեր ազգային ինքնության, Հայոց պետականության բարոյական հիմքերի դեմ: Այն անարգանք է մեր պատմության նկատմամբ: Այս կերպ քաղաքական փորձ է արվում նսեմացնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում։
Հանրային հեռուստաընկերությունը ևս մեկ անգամ հաստատեց իշխանության քարոզիչ լինելու իր ամոթալի «առաքելությունը»»;
Հարակից հրապարակումներ`
- Թույլ չտանք, որ ազգային կյանքում սերմանվի ատելություն ու պառակտում, արմատավորվի կործանարար հարմարվողականությունը. Գարեգին Երկրորդ
- Հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ. Ասողիկ աբեղա Կարապետյան
- «Ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի». Մայր Աթոռը՝ Հանրայինով Գարեգին Բ-ի ուղերձը եթեր չհեռարձակելու մասին
- Հանրայինով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը՝ կասկածի տակ