Տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ ՄԻՊ-ն սկսել է ուսումնասիրություն
Հունվարի 2-ին Երևանի Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրություն։Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ից։
«Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման պատահարները բացառելու համար։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ հունվարի 2-ին Երևանի Սեբաստիա փողոցում հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։ Ըստ հրապարակման՝ տարհանման ժամանակ մեկ անձ տուժել է: Մարդու իրավունքների պաշտպանը վերջինիս մաղթում է շուտափույթ ապաքինում»,- ասվում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Տրոլեյբուսում բռնկված հրդեհից տուժածներ չկան․ ՓԾ
- Երևանում տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել,ինչից հետո տրոլեյբուսը բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային