Ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ծանոթացանք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի նախագծի շուրջ վերջերս Երեւանին հղված ադրբեջանական առաջարկներին։
Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ արձանագրում ենք, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որևէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը։
Վերահաստատում ենք, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում մեր կողմից բարձրաձայնված բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որևէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլև առավել խորանում են»: