Հունվարի 1-ից պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրի անձնական օգնականի ծառայություն
2024 թվականի հունվարի 1-ից պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրի անձնական օգնականի ծառայություն, որի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձի անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն՝ բացառելով նրա մեկուսացումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ծառայությունը մատուցվելու է հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձանց: Հաշվի առնելով այն, որ ծրագիրը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, նրանց կրթության, աշխատելու իրավունքների իրացմանը՝ ծրագրից կկարողանան օգտվել 15 տարին լրացած հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր աշխատում են կամ սովորում, կամ գրավոր հավաստիացնում են, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում սկսելու են աշխատել կամ սովորել։
Անձնական օգնականի ծառայությունն իր մեջ կներառի ինչպես շահառուի խնամքը, այնպես էլ միջավայրային արգելքները հաղթահարելուն (այդ թվում՝ տեղաշարժվելուն և հաղորդակցվելուն) ուղղված գործողությունները:
Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ (Կառավարության նիստի ընթացքում կայացած քննարկման արդյունքում նաև՝ ընտանիքի անդամը), ով ունի անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների տիրապետումը հավաստող վկայական։ Որպես օգնական հաշվառվելու համար քաղաքացիները կմասնակցեն վերապատրաստումների և թեստավորման արդյունքում կստանան անձնական օգնականի ծառայություն տրամադրելու իրավունքը հավաստող վկայական:
Սահմանված են նաև անձնական օգնականի ծառայության առավելագույն ժամաքանակները՝
• ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ ամսական 140 ժամ,
• ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 120 ժամ,
• ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 100 ժամ։
•
1 ժամվա ծառայության արժեքը կկազմի 1050 ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան