Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի էական բարելավում է լինելու․ Բադասյան
«2023 թվականին հավաքագրվել է 2 տրիլիոն 221 միլիարդ դրամի հարկային եկամուտ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 296 միլիարդ դրամով»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով, իրենց կանխատեսմամբ՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական բարելավում է լինելու, ինչը նշանակում է, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում կրճատվում է:
Բադասյանն ասաց, որ իրենց վերլուծության համաձայն վարչարարությունը և հարկային կարգապահության բարելավումն էական դեր են կատարել ցուցանիշների ապահովման գործում։
«Նախորդ տարի բացահայտումներ են եղել, ստվերային շրջանառությունների մասով միլիարդավոր դրամների հարկեր են վերականգնվել պետական բյուջե, որը նաև անուղղակի ազդեցություն է ունեցել հարկային կարգապահության վրա: Նախաձեռնվել են թե քրեական վարույթներ, թե մինչև քրեական վարույթ նախաձեռնելն է վերականգնվել՝ վարչարարության արդյունքում: Միայն շուրջ 8,6 միլիարդ դրամ վերականգնվել է հայտնի սերվերների գործով»,-ասաց Բադասյանը:
Հարցին՝ ռելոկանտների ազդեցությանը որքա՞ն է, ՊԵկ նախագահն ասաց, որ նման հաշվարկի չունեն. «Կարծում եմ՝ այս տարի դրա մասին խոսլեն այդքան էլ տեղի չէ, այդ ազդեցությունը կար նաև նախորդ տարի։ Այսինքն, որոշակի ազդեցություն, բնականաբար, ունեցել են և դրական են ունեցել»։