2024-ի տարեսկիզբը թույլ է տալիս կանխատեսել գերլարված տարի ամբողջ տարածաշրջանի համար․ Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«2024-ի տարեսկիզբը թույլ է տալիս կանխատեսել գերլարված տարի ամբողջ տարածաշրջանի համար։
Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացման թե՛ օրվա, թե՛ վայրի ընտրության, և թե՛ աննախադեպ հետևանքների տեսանկյունից նաև կարևոր խորհրդանշական ուղերձներ է պարունակում։
Անկախ այն հանգամանքից, թե ով կստանձնի հարձակումների պատասխանատվությունը, որևէ կասկած չկա, որ տեղի ունեցածն Իրանի հակառակորդների համընդհանուր ուղեգծի՝ Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունն առավելագույնս նվազեցնելու տրամաբանության շրջանակում է, իսկ գլոբալ իրավիճակը թույլ է տալիս կանխատեսել, որ հակաիրանական գրոհներն ավելի ինտենսիվանալու են։
Ուկրաինական պատերազմով մեկնարկած միջաշխարհակարգի պատմափուլի կարևոր իրադարձային շերտերից մեկն էլ Իրանի ազդեցության դեմ իրականացվող համակարգված գործողություններն են։ Որպես օրինակ, Հարավային Կովկասում Ադրբեջան-Իրան լարվածության հրահրումը և այդ երկրում հակաիրանական տարրերի դիրքերի ամրապնդումը մի կողմից, մյուս կողմից՝ նախ Իրաքում, Սիրիայում, իսկ 2023-ի տարեվերջին նաև Պաղեստինում և Լիբանանում Իսրայելի ձեռամբ և վերջինի դաշնակիցների համակողմանի աջակցությամբ իրականացվող խորքային ծրագրերն առանձին շերտերով ուղիղ առնչվում են նաև տարածաշրջանում Իրանի ազդեցության չեզոքացմանը՝ սահմանփակելով Թեհրանի ուղիղ ռազմական առճակատման մեջ մտնելու հնարավորությունները։
Մասնավորապես, Իրաքում Մոհամմեդ Շիա Սուդանիի՝ շատ ավելի նվազ իրանամետ կառավարության ձևավորումը, Սիրիայում Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից աննախադեպ մասշտաբի հակաիրանական գործողությունները, Գազայում Հրեական պետության կողմից սանձազերծված պատերազմը, Լիբանանում «Հիզբալլահ» կազմակերպությանը հասցվող մարտավարական հարվածները միանշանակ կերպով հանգեցրել են տասնամյակներ շարունական իրանական հատուկ նշանակության կառույցների կողմից ձևավորված «դիմադրության առանցքի» ճաքերին։
Վերոնշյալի համատեքստում, անշուշտ, Քերմանի գերեզմանատանն ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հանրահայտ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության երրորդ տարելիցին կազմակերպված ահաբեկչությունը նաև խորհրդանշական կարևոր ուղերձ է պարունակում։ Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների ձեռամբ սպանված իրանցի զորահրամանատարն իրանական «դիմադրության առանցքի» կարևորագույն ճարտարապետն էր։
Հետևաբար, ուկրաինական պատերազմի շրջանակներում և Արևմուտքում նկատվող նոր միտումները, որոնք միանշանակորեն Մոսկվայի օգտին են, հարկադրում են Իրանի հակառակորդներին առավել սեղմ ժամկետներում հնարավորինս մեծացնել Իրանի դեմ ճնշումը, քանի որ գլոբալ իրավիճակի հարաբերականորեն կայունացումը զգալիորեն նվազեցնելու է ռազմական եղանակով ռազմավարական խնդիրներ լուծելու հակաիրանական դերակատարների հնարավորությունները։
Հ.Գ. Այս օրերին անձնական կապով զորակցությունս եմ հայտնել իրանցի բարեկամներին և գործընկերներին՝ մաղթելով նաև ամուր կամք և ռազմավարական համբերություն՝ այս դժվարին ժամանակահատվածը հաղթահարելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 5-ին Հայաստանում Իրանի դեսպանատանը բացվելու է սգո մատյան
- Պետդումայում նշել են Իրանի ահաբեկչության պատճառը
- Իրանում պայթյուն է որոտացել գերեզմանանատան մոտ, կան զոհեր