«Ճրագալույց նշանակում է ճրագ, մոմ վառել»․Եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագ
Եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։
Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է։ Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։
Պատարագին ճրագներն իջնում են Սուրբ Սեղանից ու ժողովուրդը տանում է հենց Քրիստոսի լույսը, նկատում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու քահանա Տեր Շահե քահանա Հայրապետյանը.
«Քրիստոս ասաց՝ Ես եմ լույսը, կյանքը, ճանապարհը։ Մենք պետք է մեր կյանքն ուղղենք դեպի լույսը, ինքներս լուսավորվենք»։
Քահանայի խոսքով՝ պիտի ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում՝ առաջնորդելով մեզ դեպի Տերը:
«Պիտի հասկանանք՝ այս դժվար ժամանակներում ինչպե՞ս կարող ենք փրկվել, իսկ դա հնարավոր է միայն Քրիստոսով»։
Ճրագալույց նշանակում է ճրագ, մոմ վառել, լուցանել: Այն խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին նորածին Հիսուսի մոտ։
Մոգերը եկան ընծաներով: Նվիրեցին ոսկի՝ իբրև ինքնակալ ու հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկ՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, զմուռս՝ իբրև մեզ համար ինքնակամ զոհաբերվողի: Մանուկը, որ դեռևս չէր կարողանում խոսել, արդեն ճանաչված էր` որպես Փրկիչ: Տեղի էր ունեցել այն, ինչ ներկայացրել էին հինկտակարանյան մարգարեները։
Քրիստոսի ծննդյան բարի լուրը, սակայն, առաջինն իմացան հովիվները, որոնց Տիրոջ հրեշտակը հորդորեց.
«Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11):
Ստացվում է` Փրկչին խոնարհվեցին մարդկային իմաստությունը՝ հանձին մոգերի, անմեղությունն ու պարզությունը՝ հանձին հովիվների:
Ըստ Տեր Շահեի՝ ավանդությունը պատմում է, որ երեք մոգերը հայեր էին՝ Մոկաց աշխարհից: Հայոց աշխարհը զարգացած էր աստղագիտությամբ, հայերը վաղուց ուսումնասիրում էին աստղերը.
«Երեք արքաները շարժվեցին Աբգար թագավորի մոտ, թույլտվություն ստացան, որ կարողանան անցնել ճանապարհը: Աստղը միշտ ուղեկցում էր նրանց։ Երեկոյան հասան քարայր»:
Քահանայի խոսքով՝ Փրկիչը գաղտնի եկավ, որ խափանի սատանայի ծրագրերը. ծնվեց բեթղեհեմյան քարայրում, մինչև 30 տարեկան ծածուկ մնաց, իր քարոզչությունով հաստատեց ողջ ճշմարտությունն ու խաչվեց, որ ոչնչացվի սատանայի իշխանությունը:
Ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցին ավետում է Բարի Լուրը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»: Մարդիկ դուրս են գալիս պահեցողությունից. Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան պահք են պահում, օգտագործում բուսական ծագում ունեցող սնունդ, փորձում մաքուր պահել հոգին ևս։
Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ, Սուրբ Ծննդյան տոնից բացի Սուրբ Հարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան