Քաղաքագետ. Արտահերթ ընտրություններ Փաշինյանին պետք են՝ առնվազն երկու խնդիր լուծելու համար
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Լոռու մարզ Փաշինյանի կատարած այցի ընթացքում հնչած հայտարարություններին ու դրանց հետևած պաշտոնանկություններին, գրում է.
«Գրեթե բոլոր ոլորտներում նույն անտերությունն է, նաև՝ Զինված ուժերում, բանակում, որտեղ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքը դառնում են մարդկային զոհերը: Բայց, օրինակ, Սուրեն Պապիկյանը պատասխանատվության չենթարկվեց, երբ անցած տարի 15 զինծառայող ողջակիզվեց:
Ասածս այն է, որ Փաշինյանը «խիստ պրառաբի» դերի մեջ էր, որովհետև կոնկրետ կադրերից ազատվելու խնդիր ուներ:
Գուցե նաև ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն է տվել: ՔՊ-ն ինչքան էլ հերքի՝ արտահերթ ընտրություններ Փաշինյանին պետք են՝ առնվազն երկու խնդիր լուծելու համար:
Այլ խնդիր է, որ նա Հայաստանի սուբեկտությունն այնքան է մսխել, որ արտահերթ ընտրությունների բարեհաջող ելքի համար արտաքին երաշխիքներ են պետք, որոնք ստանալ Փաշինյանն առայժմ չի կարողացել:
Այս ամեն ինչը գրեցի, որովհետև ոմանք լուրջ են վերաբերվել «խիստ ղեկավարի» մոնո ներկայացմանը, որը երեկ և այսօր բեմականացնում է վեց տարի գրեթե յուրաքանչյուր ոլորտում ձախողված Փաշինյանը:
Հ.գ- գրածս, իհարկե, չի ենթադրում, որ Լոռու մարպետը կամ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն իրենց տեղում էին և պաշտոնանկ չպետք է արվեին: Այս իշխանության մեջ ոչ մեկ իր տեղում չէ՝ սկսած Փաշինյանից»։