Վաղը «Բարեկամություն» կայարանում իրականացնելու է դոնորագրում
Հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը նշում է ոսկրածուծի դոնորի օրը:
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրից հայտնում են, որ 1999թ. դեկտեմբերին Երևանի Սարյան 1ա հասցեում բացվեց Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը, որը համահայկական նոր ծրագրի սկիզբ դրեց: Իսկ 2000 թվականի հունվարի 8-ին կամավորագրվեցին ցողունային բջիջների առաջին դոնորները և ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 8-ը Հայաստանում նշանավորվեց որպես Ցողունային Բջիջների Դոնորների Օր:
Յուրաքանչյուր տարի Ցողունային Բջիջների Դոնորների Օրը ռեեստրը նշանավորում է՝ իրականացնելով կամավոր դոնորների հավաքագրումներ տարբեր կազմակերպությունների և անհատների շրջանակներում, դրանով իսկ ավելացնելով հայ կամավոր դոնորների ներգրավվածությունը այս ազգանվեր գործում։
Այս տարի լրանում է Ռեեստրի գործունեության 25 ամյակը և, այդ կապակցությամբ հունվարի 8-ին ժամը 11։00-ից 14։00-ը Ռեեստրը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայանում իրականացնելու է դոնորագրում։
Դոնորագրվելու համար նախ լրացվում է կարճ հայցադիմում, որտեղ նշվում են դոնորի անձնական տվյալները, ինչպես նաև թվարկվում են դոնորի առողջությանը վերաբերվող մի շարք հարցեր: Այնուհետև դոնորը հանձնում է քերուկ (swab) բերանի խոռոչից:
Հայկական Ռեեստրը Ոսկրածուծի Դոնորների Համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է և 25 ամյա գործունեության ընթացքում ռեեստրը առաջնորդվել է մեկ կարգախոսով՝ գործունության բոլոր ասպարեզներում հետևել միջազգային ստանդարտներին: 2006 թվականին ռեեստրի HLA տիպավորման լաբորատորիան ստացավ Եվրոպական Իմունոգենետիկների Ֆեդերացիայի (EFI) հավատարմագիր, որով և Հայաստան բերեց որակի հսկման միջազգային քննություններին մշտական մասնակցության մշակույթը, որը ցանկացած լաբորատորիայի որակի միակ ցուցանիշն է ամբողջ աշխարհում: Իսկ արդեն 2007 թվականին բացվեց ցողունային բջիջների հավաքման, մշակման և պահպանման բաժինը: Այսպիսով, ցողունային բջիջների հավաքումը հնարավոր եղավ իրականացնել Հայաստանում:
Այսօր ռեեստրում կա կամավորագրված ավելի քան 33500 դոնոր: Մինչ օրս ռեեստր դիմած 6206 հիվանդի հետ նախնական համընկնող 5884 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 41-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
«Ցողունային բջիջներ են նվիրաբերել մեր հայրենակիցները Հայաստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից։ Նրանց բոլորին միավորում է մարդասիրությունը և մերձավորին օգնելու մեծ ցանկությունը: Յուրաքանչյուր հաջող փոխպատվաստման հետևում մահվան ճիրաններից փրկված կյանք է: Դա հնարավոր է դառնում տարբեր երկրներում գործող ցողունային բջիջների կամավոր դոնորների ռեեստրների համաձայնեցված և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ: Այս գործի նվիրյալները ձեռք-ձեռքի տված, չճանաչելով սահմաններ, ազգային պատկանելիություն կամ դավանանք, փորձում են գտնել այն մեկին, որ կյանքի հույս կպարգևի սպասման ցուցակներում գրանցված բազմաթիվ հիվանդների»,-նշում են ռեեստրից։