Հունվարի 7-ին մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր
Ըստ եկեղեցական տոնացույցի՝ հինգ տաղավար տոների հաջորդ օրը կոչվում է մեռելոց: Ննջեցյալների հոգու հանգստության և խաղաղության համար եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ:
«Մեռելոցի արարողությունը երախտագիտական ու հարգանքի արտահայտություն է ողջերի կողմից մեռելների հանդեպ, որպեսզի նրանք չմոռացվեն և հիշվեն: Այս արարողությունը արտահայտում է թե՛ ննջեցյալների հանդեպ հարգանքը, թե՛ բոլորի հարության հույսը»,- նշված է «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի կայքում։
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է տաղավար տոներից առաջինը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 5 տաղավար տոն՝ 1. Քրիստոսի Ծնունդը, 2. Քրիստոսի Հարությունը, 3. Քրիստոսի Պայծառակերպությունը, 4. Աստվածամոր վերափոխումը, 5. Խաչվերացը: Այս մեծագույն տոների հաջորդող օրը Եկեղեցին սահմանել է ննջեցյալների հիշատակության օր: Այսինքն՝ հունվարի 7-ը անփոփոխ «Մեռելոց» է՝ ննջեցյալների հիշատակության օր: Եկեղեցիներում մատուցվում է Պատարագ ննջեցյալների հիշատակության համար և յավարտ պատարագի կատարվում է հոգեհանգստյան արարողություն և աղոթք է բարձրացվում բոլոր ննջեցյալների հոգիների հանգստության համար: Այդ օրը նոր կարող ենք գնալ գերեզմաններ, խունկ ծխել մեր ննջեցյալի հիշատակին, աղոթք բարձրացնել, և առհասարակ ողորմություն տալ նրանց հիշատակին: