ՀՀ-ում նախատեսվում է հիմնել Գերազանցության կենտրոն
Գերմանացի գիտնականները, որոնք արդեն տասը տարի Հայաստանի, Վրաստանի ուսանողների համար դասընթացներ են կազմակերպում ֆիզիկայի ոլորտում, նախատեսում են հիմնել Գերազանցության կենտրոն՝ մեկը Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում և Ֆիզիկայի ինստիտուտում, և ևս մեկը՝ Վրաստանում: Կենտրոնների նպատակն է որակյալ կրթություն առաջարկել տեղում, որպեսզի կանխեն ուղեղների արտահոսքը։
NEWS.am Tech-ի հետ զրույցում Բոննի համալսարանի տեսական ֆիզիկայի Bethe կենտրոնի տնօրեն Ուլբ Մայսսներ ասում է, որ արդեն հանդիպումներ են ունեցել ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։ Այստեղ, մասնավորապես, հանդիպել են Երևանի պետական համալսարանի պրոռեկտորների հետ և քննարկել մի շարք հարցեր, հաջորդիվ պայմանագրեր կկնքվեն Ֆիզիկայի ինստիտուտի և ԵՊՀ-ի միջև, ինչից հետո կքննարկեն ուսպլանը, և առաջին ուսանողները, դասընթացը հավանաբար կսկսեն 2024-ի սեպտեմբերին:
Նրա խոսքով՝ այս կենտրոններում ցանկանում են առաջարկել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բարձրակարգ կրթություն, կառաջարկվեն նաև որոշ առցանց դասընթացներ, որպեսզի կարողանան լրացնել կրթության որոշ ոլորտներում առկա բացերը և ավելի շատ ուսանողների մոտ կրկին հետաքրքրություն առաջացնել դեպի ֆիզիկան, առաջարկել որակյալ կրթություն, ինչպես նաև լավ աշխատանքի հեռանկար, որպեսզի տաղանդավոր մարդիկ չլքեն երկիրը։
«Հուսով ենք, որ Գերազանցության կենտրոնը կլուծի այս խնդիրը։ Մենք ցանկանում ենք առաջարկել կրթություն, որը նույն մակարդակի է, ինչ Գերմանիայի լավ համալսարաններում, ինչպիսիք են Բոննի, Մյունխենի կամ Համբուրգի համալսարանները: Եվ հուսով ենք, որ սրանով կկարողանանք Հայաստանի և Վրաստանի ուսանողներին պահել իրենց երկրներում»,- ասում է նա։
Կենտրոնները նաև կառաջարկեն վերապատրաստվելու հնարավորություն, որպեսզի ասպիրանտուրայի ավարտից հետո ուսանողները որոշ ժամանակ անցկացնեն ԱՄՆ-ում կամ Եվրոպայում և հետո վերադառնան իրենց երկիր: Դրա համար մեկ տարի առաջ Հայաստանում գործարկվել է վերաինտեգրման ծրագիր, որն առաջարկում է լավ աշխատավարձ և որոշ հնարավորություններ: «Դրանով պայմաններ են ստեղծվում, որպեսզի երիտասարդները վերադառնան որպես գիտնականներ և կրթեն հաջորդ սերունդներին»,- ասում է Մայսսները։
Կենտրոնը նպատակ ունի նաև այս դասընթացների միջոցով անդրադառնալ ֆիզիկայի այնպիսի թեմաների, որոնց այստեղ այդքան էլ չեն անդրադառնում։ «Շատ լավ կադրեր կան և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, սակայն այստեղի համալսարաններում կամ ֆիզիկայի ինստիտուտներում ոչ բոլոր ժամանակակից զարգացումներին են անդրադառնում: Եվ մենք ցանկանում ենք, որ Գերազանցության կենտրոնում առցանց դասախոսություններն ընդգրկեն նաև այս թեմաները»,- ասում է Ուլբ Մայսները։
Քանի որ Գերազանցության կենտրոնն աշխատելու է նաև առցանց, ապա դասերին կարող են մասնակցել նաև այլ երկրներից ուսանողներ, սակայն հիմնական թիրախը Հայաստանի և Վրաստանի ուսանողներն են։ «Մենք ցանկանում ենք ներգրավել նաև օտարերկրյա ուսանողների, սակայն հիմնական գաղափարն այն է, որ նախևառաջ տեղի հայ և վրացի ուսանողների համար հեշտացնենք ավելի լավ կրթություն ստանալու հնարավորությունը»,- ասում է նա:
Նախագծի հեղինակները հուսով են, որ կենտրոններն օրինակ կդառնան այլ ոլորտների համար և կկարողանան նման կենտրոններ ունենալ նաև այլ ոլորտներում, որոնք կբարձրացնեն Հայաստանում կրթական մակարդակը։ Այսինքն՝ այստեղ կլինեն ավելի լավ կրթություն ստացած մարդիկ, որոնք ավելի շատ հակված կլինեն մնալ երկրում և այստեղ աշխատել:
«Մենք նրանց կրթություն ենք առաջարկում, որ նրանք համոզվեն, որ այստեղ էլ կարող են ինչ-որ բան անել։ Այս իմաստով վերաինտեգրման ծրագրերը նույնպես կարևոր են, քանի որ դրանք նրանց հնարավորություն են տալիս արտերկրից վերադառնալուց հետո մի քանի տարի պրոֆեսորական գործունեություն ծավալել և համոզվել, որ կարող են ինչ-որ բան ստեղծել այստեղ: Սա, ըստ իս, մեծ փոփոխություն կլինի այս հարցում»,- ասում է նա։
«Հայաստանը մշակույթով և գիտությամբ շատ հարուստ երկիր է եղել հարյուրավոր տարիներ։ Մենք փորձում ենք մեր փոքր ներդրումն ունենալ դրա պահպանման գործում»,- հավելում է Ուլբ Մայսսները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան