Նիկոլ Փաշինյանն սկսել է անցնել «կարմիր գծերը». Զուրաբյան
«Մենք Արմեն Աշոտյանի հետ անհաշտ հակառակորդներ ենք քաղաքական առումով, բայց դա չի նշանակում, որ մենք թույլ կտանք վիշապ սպանողին դառնալ վիշապ»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդության համար երաշխավորություն է ներկայացրել։
Նա նշեց, որ այս գործը Եվրոպական դատարանում պայթելու է շատ պարզ ձևով. «Ես բերեցի ԵԽԽՎ-ում ընդունված 1900 համարով ընդունված բանաձևի չափանիշները քաղբանտարկյալի սահմանման մասին: Այս գործը շատ հստակ անցնում է այդ չափանիշներից մեկի ներքո և Արմեն Աշոտյանը միանշանակ քաղբանտարկյալ է»։
Նրա խոսքով, երբ նոյեմբերի 23-ին եղավ ՔՊ-ի համաժողովը և որոշվեց ամենուրեք ընդդիմադիր մարդկանցից իշխանությունը խլել և սկսեցին դրա իրականացումը, իրենք հասկացան, որ սա համակարգված գրոհ է ժողովրդավարական ինստիտուտների վրա: Ըստ նրա, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործն էլ պատահականություն չէ։
«Իրավապահ համակարգն այս իշխանության կողմից օգտագործվում է ապօրինաբար իրենց իշխանությունն ուժեղացնելու, հակառակորդներին ոչնչացնելու, լռեցնելու նպատակով:
Բազմաթիվ թալանչիներից ո՞վ է նստած բանտում, ո՞ւր են այդ մարդիկ: Ու պետք է գային Աշոտյանի վրա կոտրե՞ին էս բանը.. ու կոտրեին, պարզ է ինչու՝ նա 2018 թվականից շատ խիստ քննադատել է Փաշինյանին։ Փաշինյանը կոռուպցիայի հարց է լուծո՞ւմ, թե՞ Աշոտյանին, հակառակորդներին լռեցնելու հարց։ Այս հարցի պատասխանը պետք է որոշակիացնել»,-ասաց Զորաբյանը:
ՀԱԿ փոխնախագահն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն սկսել է անցնել «կարմիր գծերը» ժողովրդավարական նորմերի դեմ. «Հիմա հանրությունից է կախված՝ թույլ կտա՞ իշխանությանն անցնել այդ կարմիր գծերը, թե՞ թույլ չի տա: Սա ընդամենը մի դրվագ է: Հիմա հետհոկտեմբերքսանյոթյան ռեժիմի հանդեպ ատելությունը փորձում են շահարկել ոչ թե կոնկրետ հանցագործությունների համար մեղավորներին պատժելու, այլ իրենց իշխանությունը հավերժացնելու նպատակով: Սա արդեն անթույլատրելի է»:
Զուրաբյանի խոսքով, Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, որ այլևս ժողովրդականություն չի վայելում, Երևանի ավագանու ընտրություններն ամենապերճախոս վկայությունն է։
«Այստեղ է ավտորիտարիզմի գնալու վտանգը, որովհետև իրենք տեսնում են, որ ժողովրդականությունը կորցնում են, փորձում են դա փոխարինել կամ փոխհատուցել ռեպրեսիվ ճնշումներով, պետական ապարատի վրա ավելի խիստ հսկողություն իրագործելով»,- ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան