Մենք այլևս չենք հանդուրժելու՝ այսպես ասած բախչաները, քոլիկները և ապօրինի շինարարությունը. Ավինյան
«Զավթված տարածքների հետ կամպված կարող եմ ասել, որ այդ դարաշրջանն արդեն ավարտվել է և մենք այլևս չենք հանդուրժելու՝ այսպես ասած բախչաները, քոլիկները և ապօրինի շինարարությունը, որովհետև, կարծում եմ, որ դրա ժամանակաշրջանը վաղուց սպառվել է»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մինչ այդ Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօերն Արմեն Բեգոյանը զեկուցեց, որ Մյասնիկյան պողոտայի երկայնքով տարածքն ազատելու և կանաչապատելու նպատակով ուսումնասիրություններ են անցկացրել և պարզել, որ մինչև Կենդանաբանական այգու մոտակայքը կա 25 հեկտար անտառապատման ենթակա տարածքներ։
ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ կան նաև հողազավթման դեպքեր՝ հիմնականում տարածքները ցանկապատված են և նրանց վրա շինություններ չկան, բայց կա նաև 8 անձի կողմից կառուցված շինություններ և այնտեղ նույնքան ընտանիք է բնակվում։
Տիգրան Ավինյանը հայտնեց, որ քննարկելու են օրենսդրական փոփոխություններ, որոնք բարդացնելու է նման տարածքների զավթումը։
«Ուզում եմ հատուկ շեշտել, որ ինձ համար մեծ տարբերություն չկա, թե համայնքային բյուջեից են փող գողանում, թե համայնքային հողերն են գողանում, այն նույն համայնքից գողությունն է»,-հայտնեց Ավինյանը և հավելեց. «Այնտեղ, անկեղծ ասաց բանակցելու շատ դաշտ չունենք, այնտեղ ունենք գորւծելու լայն դաշտ և համապատասխան վարչությունների հետ պետք է քննարկել և տարածքներն ազատել»։
Քաղաքապետի խոսքով՝ մայրաքաղաքի կանաչ ֆոնդն տասնամյակներով նվազել է, ի թիվս այլ բաների նաև նման գործողությունների հաշվին։