Ինչի՞ եք սպասում, ես չեմ հասկանում. Գագիկ Խաչատրյանը՝ դատարանում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով նախատեսված է վկայի և ամբաստանյալների հարցաքննությունը։
Պաշտպան Երեմ Սարգսյանն պահանջեց առաջինը քննարկել իրենց միջնորդությունը՝ թույլ տալ Գ.Խաչատրյանին մեկնել Գերմանիա վիրահատության նպատակով։
«Ինչո՞ւ չեք սկսում միջնորդության քննարկումը, հետո նոր հարցաքննությունը»,- հարցրեց պաշտպանը։
Դատավորը հետաքրքրվեց. «Ձեզ համար ի՞նչն է պրոբլեմը, եթե սկզբում հարցաքննությունը լինի»։
Ե. Սարգսյանն ասաց, վստահ է՝ այսօր չի լինի իրենց միջնորդության քննությունը, քանի որ հնարվոր չէ վկայի հարցաքննությունն ընդհատել, դրանից հետո քննարկել միջնորդությունը, հետո նորից շարունակել հարցաքննությունը։
Հիշեցնենք, որ չնայած առողջական հանգամանքներին՝ Գագիկ Խաչատրյանը ներկա է նիստին։ Նա դատարան է բերվել բժշկական հաստատությունից, անվասայլակով է:
Պաշտպաններից Ամրամ Մակինյանն ասաց. «Ընդհանրապես այս դատավարությունը մրցակցայի՞ն է, թե՞ ոչ։ Մեղադրողն ուզում է հարցաքննություն իրականացնի... Գագիկ Խաչատրյանը փաստացի ներկա է նիստին, նստած է Ձեր դիմաց։ Հարցաքննություն եք իրականացում, ո՞ւմ եք հարցաքննում, ինչի՞ վերաբերալ»։
Ե. Սարգսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանին՝ ի պատասխան այն պնդումների, թե առողջական խնդիրների թեման առաջ է բերվում դատական նիստերը հետաձգելու համար։
Նա ընդգծեց. «Գագիկ Խաչատրյանի կյանքը վտանգի տակ է։ Եթե մեղադրողը չի ուզում այս փաստը գնահատի, նշանակում է, չի կարող լինել օբյեկտիվ։
Ներկայացված բոլոր բժշկական փաստաթղթերը համարում է ձևականություն։ Ձևականություն չի։ Այն, որ չեք ընդունում, որ վատառողջ է, այն փաստաթղթերը, որոնք ձեր պետական մարմիններն են տվել, չեք ընդունում, ուրեմն կանխակալ եք, բացասական վերաբերմունք ունեք»։
Ա. Մակինյանը նույնպես նշեց, որ մեղադրողը չի կարող անաչառ լինել, չի կարող այս գործով հանդես գալ։
Գագիկ Խաչատրյանը միացավ միջնորդությանը։ Նա նշեց, որ տարիներ շարունակ բժիշկների հսկողության տակ է. «Եթե դատաբժշկական հանձնաժողովը ամիսներ շարունակ իրականացնում է տարբեր ստուգումներ, եթե ոչ մի արժեք չունի, ինչո՞ւ եք ուղարկում։ Ինչո՞ւ եք ուղարկում ձեր հսկողության տակ առողջապահության նախարարության բժշիկների մոտ, որ եզրակացություն տան ու չեք կարդում, կամ եթե կարդում եք, հետևություն չեք անում։ Իմաստը ո՞րն է, ձեր նպատակը ո՞րն է։
Ինչի՞ եք սպասում, ես չեմ հասկանում։ Համբերատար սպասում եմ, առարկություն չեմ արել, ինչ խաղի կանոններ հաստատում եք, այդ կանոններով խաղում ենք։
60-ից ավելի նիստերին ո՞վ է ներկայացել, մեծ ջանքեր եմ կիրառում, որ մասնակցեմ նիստերին։
Ես մեծ ջանքեր եմ գործադրում, որ գամ, մասնակցեմ նիստերին, որովհետև ինձ համար անընդունելի է, որ ասում եք` թե ես խուսափում եմ։»։
Նիստը պարբերաբար ընդմիջվում է, քանի որ Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատանում է։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ դատախազ Գևորգ Սարգսյանին ներկայացված բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատարանը որոշեց բացարկի միջնորդությունը մերժել։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Խաչատրյանը դատարան բերվեց շտապօգնության մեքենայով
- Դատախազություն. Գագիկ Խաչատրյանի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն
- Խնդրում եմ՝ մերժել միջնորդությունը, Գագիկ Խաչատրյանի վիճակը բավականին վատ է․ փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան