Իրանի ԱԳՆ. Տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ երկրների տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Հարավային Կովկասում իրավիճակի և տարանցիկ միջանցքների վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը հստակ է։
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությանը։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար։ Մենք ընդգծում ենք, որ տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտման համար»,- ասել է Քանանին։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան ակնկալում է ավարտին հասցնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը մինչև 2029 թվականը։