Կառավարությունը մեկ հարվածով 800 գիտնականների կտրեց հավելավճարներից. Ատոմ Մխիթարյան
«Կառավարության որոշումը, չնայած փաթեթավորվեց հետաքրքիր բառերով, բառակապակցություններով, բայց այդ որոշումն այն մասին է, որ շուրջ 800 գիտնականներ, որոնք ամբողջ դրույքով չեն աշխատում բուհերում, գիտահետազոտական ինստիտուտներում, ուղղակի զրկվելու են իրենց գիտական աստիճանի համար տրվող հավելավճարներից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ կառավարության՝ հունվարի 4-ին ընդունած որոշմամբ առաջարկվում է 2024 թ. հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճար հատկացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին` պահպանելով ներկայումս սահմանված գիտական աստիճանի համար հավելավճարների չափը՝ գիտությունների դոկտորին 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին 25 000 դրամ: Ըստ կառավարության, որոշման ընդունումը կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրությանը, լրացուցիչ խթան կհանդիսանա գիտական աշխատանքը՝ որպես հիմնական աշխատանք ընտրելու գործում և կբարձրացնի պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։
Ատոմ Մխիթարյանն ասաց, որ, ըստ էության, ավելի քան 2000 գիտնականներ ստանում էին այդ հավելավճարները, նրանցից շուրջ 800-ն ուղղակի ամբողջ դրույքով չեն աշխատում։
«Պարզ է՝ այս մարդիկ ոչ էլ պատրաստվելու են ամբողջ դրույքով աշխատել, որպեսզի ստանան այդ հավելավճարները։ Ստացվում է, որ ուղղակի կառավարությունը մեկ հարվածով կտրեց այդ հավելավճարները գիտնականներից։ Սա է ամբողջ ճշմարտությունը»,- ասաց կրթության փորձագետը։
Թեև կառավարության հայտարարությանը, որ գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն են վարում 2022 թ. հունվարից, Ա. Մխիթարյանը նշեց, որ այդ մարդկանց նման բան «չի սպառնում», այսինքն աշխատավարձի բարձրացում։
«Աշխատավարձի բարձրացման համար էլ հիմա նոր բան են մտածել՝ ատեստավորումը։ Այդպիսի գործընթաց սկսվել է հանրակրթության ոլորտում. այն ուսուցիչներն են մի քիչ բարձր աշխատավարձ ստանում, ովքեր ատեստավորվել են։ Նույն գործընթացը նախատեսվում է իրականացնել նաև բարձրագույն կրթության և գիտության բնագավառում, կբարձրանա այն գիտաշխատողների աշխատավարձը, որոնք ատեստավորումը կանցնեն։ Իրականում այդպես չի էլ լինելու և ոչ մի գիտնական, ով զրկվել է հունվարից այդ հավելավճարից, նրա աշխատավարձը հաստատ չի բարձրացել, չեք կարող գնել գոնե մեկ հոգի»։
Հիշեցմանը, որ, ըստ Ժ. Անդրեասյանի, Հայաստանում 1 միլիոն բնակչի հաշվով գիտաշխատողների լրիվ ամբողջական զբաղվածության ցուցանիշը բավականին ցածր է, նա նշեց, որ թեև ուզում են ամբողջ հաստիքով աշխատող գիտնականների թիվը մեծանա, սակայն այս որոշումը դրան բնավ չի նպաստելու. «Այն գիտնականները, որոնք կես դրույքով էին աշխատում, գիտահետազոտական ինստիտուտներում այդքան հաստիք էլ չկա, որ ավելացնեն, նրանք էլ սկսեն ամբողջ դրույքով աշխատել, մանավանդ որ զուգահեռ դասախոսական, ստեղծագործական այլ աշխատանքով են զբաղվում և 25 հազար դրամն այդքան մեծ խրախուսելի չափ չէ, որպեսզի թողնեն իրենց հիմնական աշխատանքն ու զուտ գիտությամբ զբաղվեն»։
Նա նշեց, որ այս հարցին կարող են անդրադառնալ մի քանի ամիս անց ու կտեսնեն՝ ամբողջ դրույքով աշխատող գիտնականների թիվն աճեց, թե մնաց նույնը։
Ամբողջ դրույքով աշխատող գիտնականների թիվը, Ատոմ Մխիթարյանի համոզմամբ, կավելանա այն ժամանակ, երբ հաշվի առնվի գիտական կազմակերպությունների, ԳԱԱ համակարգերում ներգրաված գիտահետազոտական ինստիտուտների կարծիքը, համապատասխան հաստիքներ կտրամադրվի այդ ինստիտուտներին, որոնք կկարողանան գոնե երիտասարդներին վերցնել որպես գիտաշխատող ու տալ բարձր աշխատավարձ՝ անկախ նրանից, թե այդ ատեստավորման գործընթացի մեջ կմտնեն, թե չեն մտնի։
«Ստարտային պայմանների դեպքում անհրաժեշտ է բարձր աշխատավարձ լինի, գրավիչ լինի գիտությամբ զբաղվելը, մարդիկ գնան այդ ուղղությամբ, այլապես ոչ ոք չի ցանկանա մտնել գիտության ոլորտ։ Հիմա մեր գիտնականների միջին տարիքը 60-ից բարձր է, նրանց թիվը չի կարող աճել, ընդհակառակը պակասում է։
Պետք է բարձր աշխատավարձ լինի առանց նախապայմանների, դրանից հետո եթե կառավարությունում ավելի բարձր աշխատավարձի մասին կուզեն խոսել, թող ատեստավորման գործընթացը կազմակերպել, բայց ոչ նվազագույն աշխատավարձ ստացող գիտնականի համար»,- ասաց Ատոմ Մխիթարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ բյուջեի չափաբաժնի՝ գիտությանը տրամադրվող գումարի կտրուկ աճ չկա. «Գիտուժ»-ի անդամ
- Կառավարությունը հաստատեց գիտնականների ատեստավորման կարգը
- ԿԳՄՍ-ն կրթությանը և գիտությանը հատկացված սուղ միջոցներից 1 մլրդ 133 մլն դրամը վերադարձրեց կառավարության պահուստային ֆոնդ
- Գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ «Գիտուժ»-ի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան