Նորատուսում միջադեպի մասնակիցը ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտել է դանակի գործադրմամբ
Ավարտվել է Նորատուս բնակավայրի 27–ամյա բնակչի կողմից, բռնություն գործադրելու սպառնալիքով, ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՔԿ փոխանցմամբ, քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ. դեկտեմբերի 19-ին առավոտյան Սևանա լճում Նորատուս բնակավայրի շուրջ 50 դիմակավորված բնակիչներ առերևույթ հանցավոր արարքներ էին կատարել Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայողների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ։
Նշված վայրում հասարակական կարգը պահպանելու և հանցագործությունները կանխելու նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի՝ հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտը մեկնել էր Գեղարքունիքի մարզ։
Ոստիկանության ծառայողները սկսել են իրականացնել միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու նպատակով։ Այդ շրջանակում քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաների մեջ նստեցնելու ընթացքում, ժամը 05։00-ի սահմաններում, Նորատուս բնակավայրի 27–ամյա բնակիչը, նպատակադրվելով միջամտել ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը, դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել է վերջինիս վրա և փորձել հարվածել նրան։ Ոստիկանության ծառայողը, խույս տալով հարվածից, սայթաքել և վայր է ընկել։ 27–ամյա երիտասարդը, շարունակելով իր հանցավոր մտադրությունը և օգտվելով ոստիկանի՝ պառկած դիրքում գտնվելու հանգամանքից, ևս մեկ անգամ դանակով հարվածել է վերջինիս գոտկատեղի հետևի հատվածին՝ վնասելով ոստիկանական համազգեստը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Երեք անգամ համաձայնության եկան, բայց գիշերն ինչ կատարվեց՝ չիմացանք.Նորատուսի վարչական ղեկավար
- Նորատուսցիները գյուղի կենտրոնում կրակներ են վառել
- Նորատուսի մոտ դիմակավորված ձկնորսները լճի վրա ծեծել են պարեկներին. ՔԿ-ն մանրամասներ ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները