Մեզ ազատեցին աշխատանքից՝ հաշվի չառնելով տարիների մեր վաստակը, ինչը մեծ ցավ է պատճառում. Ուսուցչուհի
Մարզերից միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած մի խումբ ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ բարձրաձայնելու իրենց դժգոհությունը։
«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհի Երանուհի Ալավերդյանը լրագրողներին ասաց, որ բարձրագույն կրթության ստացած ուսուցիչներին հնարավորություն են տալիս երկրորդ անգամ անցնել ատեստավորում, եթե առաջին անգամ անհրաժեշտ շեմը չեն հաղթահարում, իսկ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները նման հնարավորություն չունեն։
«Մեզ բացատրում են նրանով, որ 2010 թվականից մեզ հնարավորություն են տվել ստանալ բարձրագույն կրթություն։ Բոլորս գյուղական համայնքներից ենք, հնարավոություն չենք ունեցել գալ, ընդունվել և սովորել»,- ասաց նա։
Ե. Ալավերդյանի խոսքով, բոլորն էլ 40 տարուց ավելի ստաժ ունեն, սակայն իրենց ազատել են աշխատանքից՝ հաշվի չառնելով իրենց տարիների վաստակը, ինչը իրեց մեծ ցավ է պատճառում։
«Մութ ու ցուրտ տարիներն վառարանով դպրոց ենք պահել, ցածր աշխատավարձով աշխատել ենք, երբևէ աշխատանքում չենք թերացել, սակայն 2-3 տոկոս չապահովելով՝ աշխատանքից ազատել են»,- Panorama.am-ի հետ զրույցում սրտնեղած ասաց տիկին Երանուհին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպած մի քանի ուսուցիչներ ասացին, որ իրենք ներկայացրել են բոլորի խնդիրները, խնդրել, որ գոնե մինչև տարեվերջ շարունակեն աշխատել։ Նախարարը, ըստ հանդիպման ներկաների, խոսք չի տվել, սակայն ասել է, որ կփորձի հարցն իրավաբանորեն լուծել։
«Նա ասաց, որ պետությունը կօգնի, որպեսզի մենք ստանանք բարձագույն կրթություն, վճարի հարցը պետությունը կլուծի»,- ասաց ուսուցիչներից մեկը։
Նաև Ժ. Անդրեասյանը խոստացել է շրջաբերական ուղարկել դպրոցներ, որ պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները կարողանան ուրիշ գործ գտնել այն դպրոցներում, որտեղ կարիք կա։
«Նախարարը խոսք է տվել մոտակա օրերին անդրադառնալ մեր խնդիրներին, եթե լուծում չստանան, մենք նորից կհավաքվենք այստեղ»,- ասացին ուսուցիչները։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին, որոնք հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական գործունեությունը շարունակելու հնարավորություն չեն ստացել՝ հաշվի առնելով «Հանրակրթության մասին» օրենքի պահանջն ու կամավոր ատեստավորման արդյունքները:
ԿԳՄՍ նախարարը, կարևորելով բազմափորձ ուսուցիչների վաստակն ու ներդրումը կրթական համակարգում, շեշտել է, որ դեռևս 2010 թվականին «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է բարձրագույն կրթության պահանջ բոլոր ուսուցիչների համար:
«Այս նպատակով տրվել է որոշակի ժամանակահատված, որը 2018 թվականին արդեն իսկ մեկ անգամ երկարաձգվել է: Միջին մասնագիտական կրթություն ունեցող շատ ուսուցիչներ այդ ընթացքում ստացել են բարձրագույն կրթություն և կարգավորել են խնդիրը: Նախորդ տարի, օրենքի այդ պահանջը հաշվի առնելով, լրացուցիչ հնարավորություն ընձեռեցինք ուսուցիչներին՝ հասկանալով, որ գուցե օբյեկտիվ պատճառներով շատերը չեն հասցրել կամ չեն կարողացել ապահովել բարձրագույն կրթություն ստանալու խնդիրը: Կամավոր ատեստավորման արդյունքում միջին մասնագիտական կրթությամբ բազմաթիվ ուսուցիչներ, որոնք անցյալ տարվա օգոստոսից պետք է ազատվեին աշխատանքից, այսօր շարունակում են մանկավարժական գործունեությունը: Որևէ նոր պահանջ չի սահմանվել. օրենքի պահանջը կատարելով` մենք չենք ցանկանում հրաժարվել մեր փորձառու ուսուցիչների ներուժից, որովհետև այդ հարցը կարևոր է նաև մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է աջակցել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում՝ առաջարկելով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, եթե նրանք նման ցանկություն ունենան:
Մասնավորապես, ուսուցիչներին առաջարկվել է իրենց տվյալներն ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ նշելով, թե ինչ կրթություն ունեն և որ ուղղություններով են ցանկանում շարունակել բարձրագույն կրթությունը: Տվյալների հավաքագրումից և ամբողջացումից հետո կպատրաստվի Կառավարության որոշման նախագիծ՝ տվյալ մասնագետների ուսման վարձի փոխհատուցումը կազմակերպելու նպատակով:
Ժաննա Անդրեասյանը նաև առաջարկել է ուսուցիչներին կարճաժամկետ հեռանկարում դիտարկել ուսումնական հաստատություններում այն հաստիքները զբաղեցնելու հնարավորությունը, որոնց դեպքում բարձրագույն կրթության պահանջ սահմանված չէ: Խոսքը, մասնավորապես, գրադարանավարի, լաբորանտի, օպերատորի, նախակրթարանի դաստիարակի հաստիքների մասին է: Այս նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից առաջիկայում Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին շրջաբերական գրություն կուղարկվի, որով կառաջարկվի այս հաստիքներում նախևառաջ դիտարկել միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժների ընդգրկման հարցը, եթե նրանց մասնագիտական կարողություներն ու հմտություններն կբավարարեն տվյալ հաստիքի համար սահմանված պահանջներին:
ԿԳՄՍ նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ քննարկել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման հարցը` մեկ անգամ ևս մանրամասն դիտարկելով ավելի վաղ տրված պարզաբանումները:
Հարակից հրապարակումներ`
- Ատեստավորման թեստերում եղել են սխալներ, ինչը շփոթեցնում էր մեզ. Ազատված ուսուցչուհիներ
- Մեզ ասում են ցտեսություն, էլ դուք մեզ պետք չեք. Դասվար
- Մեր տարիների աշխատանքը զրոյացրել են և անպատիվ վիճակի մեջ դրել. Քարակերտցի ուսուցչուհի
- Միջին մասնագիտական կրթությամբ ստացել ենք 40-59.5 բալ և մեզ հանել են աշխատանքից, իսկ բարձրագույն կրթություն ունեցողը 17 բալով աշխատում է. Ուսուցիչը հուզվեց
- Ուսուցիչները դուրս են եկել բողոքի. Բռնել եք, տղա և աղջիկ թեմաները խառնել եք իրար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան