2024 թվականը Էլ-Նինյոյի պատճառով կարող է լինել ռեկորդային շոգ տարի
2024 թվականը կարող է լինել ամենաշոգ տարին դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով փորձագետներին։
Նշվում է, որ ռեկորդային շոգի պատճառներից մեկը կարող է լինել Էլ-Նինյո երևույթը՝ Խաղաղ Օվկիանոսի արևելյան արևադարձի ծովի մակերևույթի ջերմաստիճանի և քամիների անկանոն պարբերական տատանումներ, որոնք ազդում են արևադարձային և ենթաարևադարձային գոտիների մեծ մասի վրա։
Գազետա.ռու-ն գրում է, որ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը 2023 թվականն անվանել է պատմության մեջ ամենաշոգ տարին, սակայն 2024 թվականը կարող է ավելի շոգ լինել:
Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության ավագ գիտնական Մայքլ Մաքֆադենի խոսքով, Խաղաղ օվկիանոսում ջրի տաքացումը ուշացած ազդեցություն է ունենում Երկրի մակերեսի ջերմաստիճանի բարձրացման վրա: Ուստի Էլ-Նինյո երևույթի ազդեցության տակ երկրորդ տարին կարող է ավելի տաք լինել, քան առաջինը։