Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից. Արմեն Գրիգորյան
«Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա իր հայտարարությունը հիմնավորեց՝ ասելով, որ 2022 թվականի սեպտեմբերին և դրանից առաջ էլ, երբ լայնածավալ հարձակում է տեղի ունեցել Հայաստանի վրա, հայկական կողմը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի օգնի պաշտպանել իր սուվերեն տարածքը։
«Մենք որոևէ ադեկվատ պատասխան ՀԱՊԿ-ից չենք ստացել և ժամանակի ընթացքում մենք հասկացել ենք, որ այս առումով մենք չենք կարող որևէ ակնկալիք ունենալ ՀԱՊԿ-ից։ Երբ որ նրանք հայտարարություն կանեն, գնահատական կտան և կպաշտպանեն ՀՀ-ի տարածքային սուվերենությունը և էն սահմանները, որը Հայաստանը ունի, այն ժամանակ կհասկանաք, թե ինչ ենք անում, բայց մինչև այս պահը որևէ նման բան չկա»,- ասաց Գրիգորյանը։
ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ ռազմատեխնիկական որևէ օգնություն Հայաստանին չի առաջարկվել, իսկ երբ ՀԱՊԿ-ը առաջարկում էր դիտորդներ ուղարկել՝ հստակ չեն պատասխանել, թե որ սահմաններն են դիտարկելու։
«Այսինքը ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել Հայաստանի սահմանները, նա չի ճանաչել իր պատասխանատվության գոտին մեր տարածաշրջանում և սա շատ լուրջ խնդիր է»,-ամփոփեց Արմեն Գրիգորյանը։