Անի Սամսոնյան. Հուսամ ԱՕԿՍ-ի շենքը մի օր չի դառնա հերթական ռեստորանը
«Ի՞նչ անել ՀՀ-ին վերադարձված ԱՕԿՍ-ի շենքի հետ»,-ֆեյսբույան իր էջում նման հարց է հնչեցրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը։
Նա հրապարակել է Ադրբեջանի գորգի թանգարանի լուսանկարն ու շարունակել.
«Արդեն պարզ է չէ, թե որքան զբոսաշրջիկ է այցելում այս թանգարան, ծանոթանում «ադրբեջանական», բայց իրականում գողացված հայկական գորգերին և հիանում Ադրբեջանի ժողովրդական արվեստով:
Գորգի երկիր Հայաստանում այսպիսի թանգարան չկա: Կա թանգարան, որտեղ ներկայացված են հայկական գորգեր, բայց դա գտնվում է «Պլանի գլուխ» կոչվող հատվածում և զբոսաշրջիկների համար երբեմն տեսանելի և հասանելի էլ չի:
Օրինակ, Աբովյան փողոցի վրա գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը, որը երկար ջանքերից հետո վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը և բոլորս ուրախացանք, կարող է հատկացվել հայկական գորգերի թանգարան ստեղծելու համար, որտեղ իրենց տեղը կգտնեն նաև Շուշիից փրկված գորգերը (հակառակ դեպքում մի օր մաս-մաս վաճառվելու են արտասահմանում, Ադրբեջանն էլ լավ գներով ձեռք բերի):
Հուսամ այդ շենքը մի օր չի դառնա հերթական ռեստորանը, սրճարանը կամ հերթական զվարճության վայրը, այլ իսկապես կծառայի Հայաստանին և նրա մշակույթին:
Գիտական և մշակութային շրջանակները կարող են համատեղել իրենց ջանքերը և դիմեն Կառավարությանը այդ շենքի մշակութային ճակատագրի հարցով: Գրառումս ևս ընդունեք որպես բաց նամակ Կառավարությանը»։