«Ժողովուրդ». Հունվարի 1-ից այլևս չի գործում «Հայմամուլ» ՓԲԸ-ն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվարի 1-ից այլևս չի գործելու «Հայմամուլ» ՓԲԸ-ն: «Հայմամուլ»-ը նախկինում ծխախոտ և ծամոններ էր բաժանում կրպակներին, ապա թերթերի բաժանորդներին մատակարարում էր օրվա տպագիր մամուլը: Հայաստանում 35 տարուց ավելի գործող, թերթի բաժանորդագրությունն իրականացնող մատակարար ընկերությունն այլևս ծառայություններ չի մատուցելու: Սա պատահեց լրագրող, խմբագիր վարչապետի օրոք:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Հայմամուլ» ՓԲԸ-ից տեղեկանալ, թե պատճառն ինչ է, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Տեղեկացնենք նաև, որ 2002 թվականին «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը կարգավորելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև «Պետական գույքի մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը հաստատել էր «Հայմամուլ» ՓԲԸ-ի և մամուլի տարածման մարզային դուստր ՓԲԸ-ի գույքի կազմում գտնվող օտարման ենթակա կրպակների ցանկերը և դրանց օտարման գները: Փաստաթղթերից տեղեկացանք, որ կրպակների գները սկսվում են 200 հազար դրամից և հասնում մինչև 1 մլն 400 հազար դրամի: Տեղեկացանք նաև, որ մինչ օրս օտարվել է 175 կրպակ Երևանում և մարզերում:
Հիշեցնենք, որ «Հայմամուլ» ընկերությունը տարիներ շարունակ ենթարկվել է տարաբնույթ ճնշումների, այդ թվում՝ նախկին իշխանությունների կողմից. շատ փորձեր են եղել ընկերությունից խլելու կրպակները, բայց չի հաջողվել, իսկ հիմա ինքնակամ են օտարվում դրանք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում