Սերգեյ Փարաջանով՝ այլ աշխարհի մարդը
Հունվարի 9-ին լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Այսօրվանից տրվեց Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկների խոնարհման արարողությամբ և Կինոյի տանը Փարաջանովի արձանի բացմամբ։ Քանդակագործն է Արա Ալեքյանը։
Արձանի բացմանը ներկա էր Սերգեյ Փարաջանովի ընկերը Թբիլիսիից՝ լուսանկարիչ Յուրի Մեչիտովը, ով ասաց, որ այս արձանը շատ բնորոշ է նրան. «Այն արտացոլում է նրա ողջ խենթությունը։ Նա այլ մարդ էր, նա օրենքից, շրջանակներից դուրս էր։ Նա մարդ էր, ում կամ դու հասկանում ես ու լինում նրա կողքին, կամ ուղղակի վիրավորվում ես նրանից։ Նա հեշտությամբ էր վիրավորում մարդկանց»։
Նա հիշեց, թե ինչ է իրեն ասել Փարաջանովը. «Ասում էր՝ նկարի ինձ և դու հեռուն կգնաս։ Այդպես էլ եղավ»։
Յուրի Մեչիտովի խոսքով, Սերգեյ Փարաջանովը սիրում էր իր կյանքի ցանկացած օր, սիրում էր կյանքը, գեղեցիկը, այլ աշխարհի մարդ էր. «Հիմա նման մարդիկ չեն ծնվում։ Ժամանակն է բերում այդ մարդկանց։ Դժվար է ասել, ինչու է այդպես տեղի ունենում, բայց 50-60-70-ականներին ունեինք հանճարներ՝ Սոս Սարգսյան, Ֆրունզիկ Մկրտչյան... Ինչպիսի մարդիկ էին։ Մեծ մարդիկ էին նրանք»։
Փարաջանովը, ըստ լուսանկարչի, գեղեցիկն ու ազատությունը միավորում էր, բայց ինչպես էր անում, չգիտի. «Պետք է կարողանալ, պետք է լինել Փարաջանով»։
Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին ներկա լինելու համար Վրաստանից Հայաստան է եկել նրա մեկ այլ ընկեր՝ Նուդար Վաշակիձեն։ Լրագրողների հետ զրույցում նա հիշեց. «Երբ առաջին անգամ ինձ տեսավ Փարաջանովը, ես համազգեսով էի, կասկածելի հայացքով նայեց ու ասաց՝ «դո՞ւք ԿԳԲ-ից եք»։ Պատասխանեցի ոչ, ու հենց այդ օրվանից եղանք անբաժան ընկերներ»։
Ռեժիսոր Միքայել Դովլաթյանի խոսքով, Փարաջանովը ոչ միայն մեծ վարպետ էր, մեծ քաղաքացի, մեծ մարդ, կինոռեժիսոր ու նկարչ, նա պարզապես վիթխարի մի լեռ էր հայկական արվեստում, հայկական պատմության մեջ ընդհանրապես։
«Այն ապրելակերպը, ինչով որ նա ապրում էր, դա անկրկնելի է։ Հազարամյակներում երևի մեկ անգամ է այդպիսի մարդ՝ այդպիսի հայացքներով, «գժություններով» ծնվում։
Նա անկրկնելի հետագիծ ունի, անկրկնելլի ապրելակերպ ունի»,- ասաց Միքայել Դովլաթյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ նախատեսվում է Կինոյի տան հրապարակում Աստղային պուրակ հիմնել, իսկ Կինոյի տան դիմացի հրապարակն անվանակոչել «Նռան գույնի հրապարակ», որի առաջարկն ուղարկվել է Երևանի քաղաքապետարան: Նույն հրապարակում նախատեսվում է տեղադրել նաև Փարաջանովի արձանը, որն այս պահին տեղադրված է Կինոյի տան նախասրահում:
Երևանի Կինոյի տանը բացվեց նաև Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսը։ Ցուցադրված են ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի «Մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից» շարքից, ինչպես նաև այդ շարքից ոգեշնչված արվեստագետ Դավիթ Գալստյանի աշխատանքները՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի ներկայացմամբ, Դավիթ Գալստյանը փարաջանովյան դրվագների մոտիվներով իրականացնում է իր հեղինակային երկխոսությունը արհեստական բանականության հետ, վերջինիս վիրտուալ պահոցներից դուրս բերելով ոչ միայն դասական կամ փարաջանովյան, այլ սեփական հեղինակային ձեռագիրը, այդպիսով շարունակելով կերպափոխումները, որոնք Փարաջանովը սկսեց բանտում և ավարտեց ազատության մեջ։ Նա լիահույս էր, որ «իր կյանքից հետո Ջոկոնդան կսգա իր մահը», մինչդեռ դրա փոխարեն «Ջոկոնդան համառորեն շարունակում է փառաբանել նրա կյանքը»։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև հունվարի 16-ը։ Մուտքն ազատ է։
Միջոցառումների շրջանակում այսօր «Գյուրջիև» և «Բարեկամություն» համույթները ելույթ կունենան Փարաջանովի թանգարանում:
Օրվա ընթացքում Մոսկվա կինոթատրոնին հարող տարածքում հարիսայի հյուրասիրություն էր։
Նշենք, որ Փարաջանովի 100-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան