Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայուհի Թենի Մելիդոնյանին նշանակել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն, որը նորաստեղծ պաշտոն է: hollywoodreporter.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը:
Թենի Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը:
Մելիդոնյանը սերտորեն կաշխատի «Օսկար»-ի պրոդյուսերների և հաղորդավարների, Disney/ABC-ի և Ակադեմիայի ղեկավարության, ներառյալ՝ Կառավարիչների խորհրդի և նրա հանձնաժողովների հետ, կհամակարգի այն թիմերի աշխատանքը, որոնք ներգրավված են «Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողության մշակման և անցկացման, ինչպես նաև այն համաշխարհային լայն լսարանին ներկայացնելու գործում:
Քրամերը բարձր է գնահատել Թ. Մելիդոնյանի փորձը ու կարևորել նրա նշանակումն այդ պաշտոնում «Օսկար»-ի 100-րդ մրցանակաբաշխությանն ընդառաջ։
«Թենին ստեղծարար է և հեռանկարային, Ակադեմիայում նրա տարիների փորձը և մեր մրցանակների մասին լավ գիտելիքները հսկայական արժեք են մեր կազմակերպության համար պատմական այս ժամանակաշրջանում»,- ասել է նա։
Մելիդոնյանն իր ակադեմիական կարիերան սկսել է 2005 թվականին՝ որպես հաղորդակցության և հրապարակայնության բաժնի ղեկավար՝ վերահսկելով ապրանքանիշի ռազմավարությունը և մարքեթինգը: Մինչ ամերիկյան կինոկադեմիա ընդունվելը, նա աշխատել է Վաշինգտոնում, այդ թվում՝ ՀՀ դեսպանությունում։