«Հրապարակ». Փաշինյանը մտադիր է ուժային կառույցներում աշխատած անձանց գործուղել մարզեր. Կադրերի փնտրտուքների մեջ է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը կադրային փնտրտուքների մեջ է՝ ումով փոխարինել Լոռվա, Արմավիրի նախկին մարզպետներին, որոնց ազատեց տարեսկզբին՝ ցնցուղի և կախիչների հայտնի պատմություններից հետո։ ՔՊ-ում առայժմ տարբերակներ են քննարկվում, բայց որևէ թեկնածուի վերաբերյալ վարչությունը դեռ որոշում չունի։ Արմավիրի մարզպետի հավակնորդների թվում շրջանառվում են Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի և ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի անունները։ Վերջինս 2012-2014 թթ․ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի պաշտոնը։
Տեղեկություններ կան, որ Փաշինյանը մտադիր է ուժային կառույցներում աշխատած անձանց գործուղել մարզեր, քանի որ առջևում ընտրական գործընթացներ են, և կարիք կա ուժային մեթոդներով մարզերը բռի մեջ հավաքել։ Թեպետ ՔՊ-ում չեն բացառում Դավիթ Խուդաթյանի նշանակումը ևս, Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից և իր վերաբերմունքը չի թաքցնում։ Առավել բարդ է Լոռվա մարզպետի հարցը, ՔՊ-ում սարսափով են քննարկում, որ մարզպետ կարող է նշանակվել Արեն Մկրտչյանը կամ Արփի Դավոյանը, ովքեր թերևս հենց իրենք են նման լուրեր տարածում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։