Իշխանություններն ուզում են կալանքներով կոտրել ժողովրդի հավաքական կամքը. Տաթևիկ Վիրաբյան
«Մեզ չեն կոտրելու, որովհետև մենք գիտենք՝ ինչի համար ենք գնացել և ինչի համար ենք այս աթոռին նստած։ Մինչև մահու սյուն էլ եթե ինձ տանեն, ես գլուխս բարձր եմ գնալու»,- Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատական նիստից հետո ասաց 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ում ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: Նա կալանավորվել էր երկու ամսով սեպեմբերի 24-ին, ազատ է արձակվել նոյեմբերի 21-ին։
Նրա խոսքով, ցավալի երևույթ է, երբ դատախազները իշխանության հանդեպ ունեցած կաշկանդվածությունից դուրս գալ և ինքնուրույն գործողությունների գնալ չեն կարող. ուսանողն ասում է՝ կարող է դուրս մնալ համալսարանից, եթե չներկայանա քննության, բայց մերժում են կալանքը փոխելու միջնորդությունը։
Տաթևիկ Վիրաբյանը նշեց, որ ցավալի էր, որ իր կողքին նստած էին արցախցի 18 տարեկան տղաներ, որոնք վերադարձան կալանավայր։
«Դրա համար պայքարը շարունակելու եմ՝ առանց կոտրվելու»,-ասաց նա։
Տ. Վիրաբյանի խոսքով, ոչ թե այդ տղաներն են վտանգ ներկայացնում, այլ այս իշխանությանը վախեցնում է հավաքական ուժը, նրանք ուզում են այդ կալանքներով կոտրել հավաքականությունը, ժողովրդի հավաքական կամքը։
«Իշխանության վախերի հետ գործ ունենք»,- ասաց Վիրաբանը։
Նրա խոսքով, այս գործով կալանավորումներն աբսուրդի ժանրից են, ոչ իրավաչափ բնույթ են կրում. «Կալանքը որպես խափանման միջոցը կիրառում են, ըստ ներկայացված միջնորդությունների, որպեսզի չխանգարենք քննությանը, չոչնչացնենք տեսանյութերը։
Վկաները բացառապես ոստիկաններ են, ուժայի կառույցի ներկայացուցիչներ։ Այդ դեպքում ի՞նչ կարող են անել 18 տարեկան տղաները կամ ես, մտնելու ենք ԱԱԾ-ի, քննչական կոմիտեի արխիվներն ու ոչնչացնելո՞ւ ենք նյութերը, ստիպելու ենք նրանց փոխել իրենց ցուցմունքնե՞րը։
Այս դատախազները, քննիչները, որոնք կալանքի միջնորդություններ են բերում այդ պատճառաբանությամբ, կարող են ֆանտաստիկ ֆիլմեր նկարահանել, հեքիաթներ գրել»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղն էլի նստելու եմ մեղադրյալի աթոռին․ Տաթև Արցախ
- Տաթև Վիրաբյան. Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ իշխանության կիրառած պատիժները
- Տաթևիկ Վիրաբյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա 2024թ․-ի հունվարի 10-ին
- Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին