Բոլորն ասում են՝ «քայլեր են ձեռնարկում», մինչդեռ կնոջը մայրության նպաստ չի վճարվում
Panorama.am-ը մի քանի հրապարակմամբ ահազանգել է՝ ծննդաբերած կինը պետական մարմինների անգործության կամ անփույթ աշխատանքի հետևանքով զրկվել է մայրության նպաստ ստանալու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մայրացած կինը շարունակ թակում է պետական մարմինների դռները՝ իրեն օրենքով հասնելիք մայրության նպաստը ստանալու հույսով։ Սակայն պետությունը որևէ լուծում չի գտնում կամ չի ցանկանում գտնել քաղաքացուն հասանելիք նպաստը տրամադրելու համար։ Շան գլուխն այս պատմության մեջ թաքնված է ԿԳՄՍ նախարարության անգործության կամ անփութության մեջ։ Քաղաքացին համարվում է գրանցված աշխատող Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոնում՝ որպես դերասանուհի։ Իսկ Խորիոգրաֆիայի պետական թատրոնի անունը կա, թատրոնը չկա. ոչ լուծարվել է, ոչ գործում է։
Ինչո՞ւ չի լուծարվել ՊՈԱԿ-ը, ինչո՞ւ չեն վճարում աշխատակիցների աշխատավարձը։ Գրավոր այդ հարցերին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունից պատասխանեցին.
««2018-ից ի վեր «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ն իր կանոնադրական նպատակները չի կատարել, գործունեության որևէ ծրագիր կամ կազմակերպության զարգացման տեսլական ՀՀ մշակույթի նախարարություն, իսկ հետագայում վերջինիս իրավահաջորդ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն չի երկայացրել։
Բաղի դրանից, 2019 թվակայանից մինչ այժմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի միջև գումարի հատկացման դրամաշնորհային պայմանգիր չի կնքվել։
Ինչ վերաբերում է թատրոնի աշխատակցին վերաբերող խնդրին, ԿԳՄՍ նախարարությունը խնդրի լուծման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»։
Քայլեր ձեռնարկելու մասին հայտարարել է նաև ՄԻՊ-ը, աշխատանքի և սոցիալական հարցերի ն ախարարությունը։ Մինչդեռ փաստն այն է, որ կինն իրեն հասանելիք մայրության նպաստը դեռ չի ստացել։