Էկվադորում զինված անձինք ուղիղ եթերում ներխուժել են TC Televisión հեռուստաալիքի տաղավար և պատանդ վերցրել աշխատակիցներին
Առնվազն տասը մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, զոհվել է Էկվադորի Գուայաքիլում և նրա հարևան Նոբոլ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ազգային ոստիկանությունը։
Բանտերում անկարգություններից և խոշոր հանցախմբի առաջնորդ Ադոլֆո Մասիաս Վիլամարի՝ Ֆիտոյի փախուստից հետո Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ զինված ուժերն օգտագործելու քրեակատարողական համակարգի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար: Կառավարության գործողությունները անկարգությունների ալիք են առաջացրել երկրի քաղաքներում, երեքշաբթի գիշերը հանցագործները սկսել են այրել մեքենաներն ու ավտոբուսները, իսկ Գուայաքիլում ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյուններ են գրանցվել։
Հաղորդվում է նաև, որ դիմակներով զինված անձինք ներխուժել են Էկվադորի TC Televisión հեռուստաընկերության շենք և ուղիղ եթերում պատանդ վերցրել հեռուստատեսության աշխատակիցներին։ El Universo-ն գրում է, որ շենք մուտք գործելուց հետո հարձակվողները պայթուցիկ են տեղադրել խմբագրության մուտքի մոտ: Այնուհետև նրանք ներխուժել են տարածք և լրագրողներ ու հեռուստաընկերության այլ աշխատողներ պատանդ վերցրել։
Երեքշաբթի օրը Նոբոան հայտարարել էր, որ երկրում մտցրել է «ներքին զինված հակամարտության» ռեժիմ և հրամայել է բանակին «չեզոքացնել» տասնյակ հազարավոր անդամներ ունեցող 22 հանցավոր խմբավորումներ։ Էկվադորի զինված ուժերի միացյալ հրամանատարության ղեկավարը անվտանգության խորհրդի նիստից հետո այդ հանցավոր խմբավորումներին հայտարարել է ռազմական թիրախ և ասել, որ նրանց հետ բանակցություններ չեն լինի։
Նախագահը նույնպես ասել է, որ «նարկոահաբեկչական խմբավորումները» փորձում են ահաբեկել կառավարությանը և հրաժարվել են բանակցել ահաբեկիչների հետ։
Էկվադորի զինված ուժերը ռազմական տեխնիկա են տեղակայել մայրաքաղաք Կիտոյի կենտրոնում։
Զինվորականները նաև հրամաններ են ստացել անօրինական զինված խմբավորումների վնասազերծման գործողություններ իրականացնել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան