Բերդից բանակ մեկնեցին առաջին զորակոչիկները. «Այսօր, տղանե՛ր, ձեր հերթն է ստանձնելու այդ սուրբ գործը»
Այսօր՝ հունվարի 10-ին, Բերդ համայնքում մեկնարկել է 2024թ.-ի ձմեռային զորակոչը։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը:
Բերդի համայնքապետարանից հայտնում են՝ բրանց ծառայության ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, զորակոչիկների հարազատները:
Դիմելով զորակոչիկների ծնողներին՝ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար:
Նա խաղաղ ծառայություն և բարի վերադարձ է մաղթել զորակոչիկներին.
«Մեր հայրենիքը սիրո, հոգածության, պաշտպանության կարիք ունի, և այսօր, տղանե՛ր, ձեր հերթն է ստանձնելու այդ սուրբ գործը: Խնդրում եմ ձեզ, եղե՛ք զգոն, ուշադիր, հոգատար՝ միմյանց ու հայրենիքի նկատմամբ, և, համոզված եմ, որ կունենանք հզոր բանակ: ...Թո՛ղ Աստծո աջն ու մայրերի աղոթքը հովանի լինեն ձեզ, խաղաղությամբ իրականացնեք ձեր ծառայությունը: Որպես զինծառայողի մայր՝ ուրախությամբ ու հուզմունքով եմ նշում, որ այսօր ավարտվում է որդուս զինվորական ծառայությունը, և Աստծո հաջողությամբ վաղը կվերադառնա տուն: Սիրելի՛ մայրեր, իմ աղոթքը միացնում եմ ձեր աղոթքներին, ձեզ հետ միասին աղոթում եմ, որ ձեր զավակները խաղաղ պայմաններում ծառայեն և ուրախությամբ վերադառնան ձեր օջախները: Աստծո օրհնությունը բոլորիդ հետ: Փառ՛ք մեր բանակին»:
Զորակոչիկներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար, կապիտան Վարդան Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան