«Հրապարակ». Ձերբակալվածները, որոշ իմաստով, քավության նոխազներ են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տարեվերջին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ ձերբակալել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 պաշտոնյայի և շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 6 ներկայացուցչի, այդ թվում` ղեկավարների։ Հաղորդվեց նաև, որ տեսչական մարմնի պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել կառուցապատվող շինություններում հրդեհային անվտանգության, քաղաքաշինական գործունեության ոլորտի խախտումներ չարձանագրելու դիմաց շինկազմակերպություններից կաշառք պահանջելու և ստանալու համար։ Ձերբակալված 6 անձից 5-ը կալանավորվել են։
Մեր տեղեկություններով՝ կալանավորվածների թվում է նաև Տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետը, սակայն ձերբակալվածները, որոշ իմաստով, քավության նոխազներ են։ Ինչպես մեր աղբյուրներն են ասում, կոռուպցիոն բուրգը ղեկավարում է ավելի բարձր՝ տեսչականի պետից բարձր կանգնած անձ։
Հիշեցնենք, որ տեսչականի պետը Գարեգին Խաչատրյանն է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորյալը։ Այս մարմինը պատուհաս է դարձել կառուցապատող ընկերությունների գլխին, քանի որ ուղղակի տեռորի է ենթարկում կառուցապատողներին՝ այնքան լկտիորեն, որ ի վերջո հայտնվեց իրավապահների տեսադաշտում։ Կառույցի մեր աղբյուրները վստահեցնում են, որ Գարեգին Խաչատրյանն առայժմ ազատության մեջ է՝ հզոր հովանավորների շնորհիվ, բայց չի բացառվում, որ կալանավորվածները ցուցմունքներ տան՝ բացելով կոռուպցիոն ամբողջ շղթան, և նրա ու նրա հովանավորների կարգավիճակը փոխվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։