«Սպարտակ» մարզահամալիրը 5 մլրդ դրամով վաճառվել է․ տեղում շենքեր կկառուցվեն
Երևանի ամենահին սպորտային համալիրը նոր սեփականատեր ունի։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են։ 2 հեկտար մակերեսով մարզահամալիրը վաճառվել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։ «Հետք»-ը պարզել է գործարքի մանրամասները։
«Սպարտակ» մարզադաշտը կառուցվել է խորհրդային տարիներին և պատկանում էր նույնանուն կազմակերպությանը։ «Սպարտակ» մարզական կազմակերպությունը ստեղծվել է 1935 թ.-ին որպես միութենական կամավոր մարզական միավորում։ Արդեն 1987 թ.-ին կազմակերպությունն ընդգրկել է Խորհրդային Միության 4 մարզական միավոր։
Նույն թվականին այն վերանվանվել է «Հայաստան» մարզական միություն և Հայաստանի անկախացումից հետո ստացել հասարակական կազմակերպության կարգավիճակ։ Այդպես է մինչ օրս։
2023 թ.-ի սեպտեմբերի 4-ին ստորագրվում է մարզադաշտը և մարզադահլիճները վաճառելու պայմանագիրը։ Գնորդը «Ստանդարտ պետրոլ» ՍՊԸ-ի սեփականատեր Արսեն Հովհաննիսյանի որդու՝ Սերգեյ Հովհաննիսյանի հիմնած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն է։ Համալիրը վաճառվել է 5 միլիարդ 20 միլիոն դրամով, սակայն գումարը ՀԿ-ին պետք է վճարվի մինչև 2028 թ.-ը՝ առանց կոնկրետ ժամանակացույցի։ Համալիրը ձեռք բերելուց հետո «էկո պետրոլ» ՍՊԸ-ն այն կրկին գրավադրել է «Էվոկաբանկում»՝ այս անգամ 4 միլիոն դոլար վարկի դիմաց։
Ուշագրավ է, որ համալիրը վաճառվել է ոչ թե շուկայական արժեքով, այլ կադաստրային արժեքից մի բան էլ ցածր գնով։ Ագաթանգեղոս 6 հասցեի գույքի կադաստրային արժեքը 6 միլիարդ դրամ է։ Մինչդեռ համալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով։
Երևանի Ագանթանգեղոս 6 հասցեում գտնվող Սպարտակ մարզահամալիրը զբաղեցնում է 2 հեկտար հողամաս։ Մարզադաշտից բացի, անշարժ գույքի կազմում է ներառված 10 հազար 844 քմ մակերես ունեցող մարզադահլիճը, 836 քմ մակերես զբաղեցնող վարչական շենքն ու եւս մեկ մարզադահլիճ, ծանրամարտի և բռնցքամարտի մարզադահլիճը՝ 539 քմ, սուսերամարտի դահլիճը՝ 275 քմ, եւս մեկ վարչական շենք՝ 1701 քմ, թեթև ատլետիկայի մանեժը՝ 1509 քմ և այլ շինություններ։
«Էկո պետրոլ» ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկը հիմնադրումից հետո ընդլայնվել է։ ՍՊԸ-ն այժմ 4 բաժնետեր ունի։ Նրանք են՝ Արսեն Հարությունյանի որդին՝ Սերգեյ Հարությունյանը, Լևոն Բաբոյանը, Արամ Գևորգյանը և Ալբերտ Երիցյանը։ Վերջին բաժնետերը տարիներ առաջ ողջ ունեցվածքը կորցրած գործարար, Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի թոռն է՝ գործարարի որդիներից Ռոբերտ Երիցյանի որդին։
Մարզահամալիրի նոր սեփականատերը տարածքը կառուցապատելու է։ «Էկոպետրոլ» ՍՊԸ-ի տնօրեն Զարինե Ստեփանյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ մարզադաշտի փոխարեն նախատեսվում է կառուցել բնակելի էկո թաղամաս, որը ներառելու է մարզական կոմպլեքս էկո համալիր։
«Մարզադաշտի տարածքը նույնպես կառուցապատվելու է նոր չափորոշիչներով, որը համաձայնեցվելու է «Հայաստան» մարզական ՀԿ-ի խորհրդի հետ։ Մեր ընկերությունը և «Հայաստան» մարզական ՀԿ-ն ունեն համաձայնագիր, որ այդ տարածքում մենք կառուցելու ենք ժամանակակից մարզային համալիրներ տարբեր սպորտաձևերի համար։ Լինելու են բոլոր այն մարզադահլիճները, որոնք կան հիմա, բայց շատ ավելի բարձր մակարդակի և այսօրվա չափորոշիչներին համապատասխան»,- հայտնել է ընկերության տնօրենը։ Ներդրումների վերաբերյալ հարցին էլ «Էկոպետրոլ» ՍՊԸ-ի տնօրենը պատասխանել է, որ ներդրումների ծավալը քննարկման փուլում է, իսկ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է վարկային և անձնական միջոցներով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։