Փաշինյան. Մեր նպատակը պետք է լինի ամենաանվտանգ երկիր լինելը
«Համաձայն միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական-տեղեկատվական պորտալի 2023-ին ներկայացրած «Հանցավորության և անվտանգության ինդեքսի» ամփոփ տվյալների, Հայաստանն ուսումնասիրված 142 երկրների շարքում զբաղեցնում է 7-րդ տեղը (2022 թ.՝ 8, 2018 թ.՝ 18): Երևան քաղաքն իր հերթին 416 քաղաքներից ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է»,-ՆԳ նախարարությունում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա գոհունակություն է հայտնել արձանագրված արդյունքներից և նշել. «Իհարկե, այս տվյալները շատ լավն են, այս փուլի համար մենք գոհ ենք, բայց հույս ունեմ, որ միջազգային իմիջի առումով շատ ավելի լուրջ խնդիրներ ենք դնում մեր առաջ։ Այսինքն` եթե մենք այսօր, ցավոք, առայժմ միայն ներքին անվտանգության իմաստով այս կազմակերպության տեսակետից 7-րդն ենք, դա նշանակում է, որ խնդիր պետք է դնենք ավելի առաջ գնալ, և մեր նպատակը պետք է լինի ամենաանվտանգ երկիր լինելը: Եվ նույնն էլ մայրաքաղաք Երևանը:
Զբոսաշրջային կազմակերպություններն իրենց փաթեթները ձևավորելիս այսպիսի բաներին շատ մեծ ուշադրություն են դարձնում: Պետք է միշտ մատը զարկերակի վրա պահել, որտեղ հետընթաց ենք ունենում կամ առաջընթաց չենք ունենում՝ խորանանք, հասկանանք՝ ի՞նչն է պատճառը: Իհարկե, առաջին հերթին այս պրոցեսը կապված է Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատանքի հետ: Այսինքն՝ սա ամենակարևորն է: Մենք ամեն տարի այս ուղենիշը պետք է ունենանք մեր Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքը գնահատելիս»:
Նշվել է, որ 2023 թվականը Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի: Այս համատեքստում իրականացված մեծածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում 2023-ի 11 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 2.354-ով կամ շուրջ 2,5 անգամ (1.445-3.799), որից 2.287-ը թմրամիջոցների իրացման դեպքեր են: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք, որից 126-ը՝ իրացման դեպքեր են, իսկ 339-ը՝ ձեռքբերման։ Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 «խանութ» և 35 «ալիք»։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին և նշել. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ունենք դեպքերի աճ, ինչը նշանակում է նաև բացահայտման ցուցանիշի աճ։ Այստեղ կա բանավեճ, ավելի ճիշտ ոչ թե բանավեճ, այլ փաստարկներ։ Մեր գործընկերների մի մասն ասում է, որ եթե մենք առավել արդյունավետ պայքարելիս լինեինք թմրամիջոցների դեմ, դա պիտի պաշտոնական վիճակագրության մեջ արտահայտվեր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճի թվով։ Բայց ես չեմ կարող չհամաձայնել նաև նրա հետ, որ, այնուամենայնիվ, այն եզրակացությունն էլ, որ եթե այդքան բացահայտում ենք` նշանակում է՝ շատ է:
Այստեղ Ոստիկանության և քննչական մարմինների գործառույթն, իհարկե, պարզ է՝ բացահայտել, բայց նախ կիբեռտարածքում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հանցավորությունների և հարաբերությունների այս խնդրի հետ առնչվելու ռազմավարություն է պետք ունենալ: Երկրորդը, խնդրի հետ առնչվող միջգերատեսչական աշխատանքային խումբ է պետք ստեղծել, որպեսզի նրանք ինչ-որ առումով թիմային պատասխանատվություն ունենան: Հաջորդը, ես շատ եմ կարևորում կինոլոգիական ծառայության զարգացումն այս առումով: Եվ պետք է շատ հրատապ և առաջնային այս կոմպլեքս մոտեցմամբ գնալ առաջ»: