Համլետի ամենաերկար գրկախառնությունը մայրիկի՝ տիկին Ռուզաննայի հետ է
ՀՀ ՊՆ-ն ներկայացնում է զորակոչիկ Համլետ Հովհաննիսյանին․
«Ամրակազմ, ձիգ կեցվածքով երիտասարդը իր լավատեսությամբ, բարձր տրամադրությամբ ինքն է ոգևորում իրեն ճանապարհելու եկածներին։
Բնականաբար, Համլետի ամենաերկար գրկախառնությունը մայրիկի՝ տիկին Ռուզաննայի հետ է։
Համլետը նրա մինուճար որդին է։ Ամուր գրկելով մորը՝ որդին անխոս հասկացնում է՝ գնում եմ պաշտպանելու այն ամենը, ինչը թանկ է ինձ համար։
«Շատ էի ուզում ծառայել։ Բժշկական հանձնաժողովի եզրակացությանն եմ լարված սպասել՝ հանկարծ առողջական լուրջ խնդիրներ չհայտնաբերվեն։ Երբ հայտնեցին, որ պիտանի եմ զինվորական ծառայությանը, ուրախությանս չափ չկար։ Հաստատ լավ զինվոր եմ լինելու»։