Փաշինյան. Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները
Ոստիկանության կառուցվածքային վերափոխման շրջանակներում ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց 4 հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ ՆԳՆ այցի ընթացքում։
Նա տեղելացրել է, որ վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ. օրենսդրական, կառուցվածքային փոփոխությունները, կառավարման սխեմաները, տեխնիկական նոր հագեցվածության տեսլականը հստակեցված են։
2023-ին Պարեկային ծառայությունը՝ որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել, ամբողջությամբ ներդրվել է ողջ հանրապետության տարածքում։ Պարեկային ծառայությունն ունի լիովին նոր նյութատեխնիկական հագեցվածություն, այդ թվում՝ գործարանային վիճակում գտնվող 631 ավտոմեքենա, որից 75-ը տրամադրվել է Եվրոպական միության կողմից։
Անդրադառնալով Պարեկային ծառայությանը և ընդհանրապես համակարգում նոր կադրերի գործունեության հետ կապված հարցին՝ վարչապետը նշել է. «Մեր ընկալումն այն է, որ հետագայում՝ երկարաժամկետում, Ոստիկանությունում աշխատելու միակ ուղին պետք է լինի Պարեկային ոստիկանությունը: Այսինքն, եթե որևէ մեկն ուզում է աշխատել Ոստիկանությունում՝ պետք է սկսի Պարեկային ոստիկանությունից, հետո իր կրթական ամեն փուլի համար վերապատրաստվի: Մարդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի աճելու և հասնելու մինչև Ոստիկանության ամենաբարձրագույն ղեկավար կազմ»:
Նշվել է, որ Սևանա լճում և ափամերձ տարածքներում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը՝ միտված անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրացմանը: Ջրային պարեկային ծառայությունը համալրվել է նավերով, սկուտերներով, ռադիոկապի միջոցներով, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացներով, նաև կառուցվել և կահավորվել են մոդուլային շենքեր։
Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավման խթանման նպատակով հայտարարվել է նոր ընդունելություն, որտեղ գերակշիռ տեղերը հատկացվել են կին դիմորդներին։ Ընդունելության արդյունքներով 140 կին մասնակցել է ծառայության շարքերը համալրելու նպատակով անցկացվող քննություններին։