Արցախցի Զարինեն հիմա մի երազանք ունի՝ կարողանան սարքել 8-ամյա և 10-ամյա որդիների՝ Միքայելի և Սևակի գերեզմանը
Թշնամու կողմից օկուպացված Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբույր գյուղից է 33-ամյա Զարինե Սարգսյանը։ Նրա ընտանիքը թշնամու հարձակումից զոհված երկու որդիներին՝ ութամյա Միքայելին և տասնամյա Նվերին Մասիսում հուղարկավորելուց հետո հիմա ապրում է Լոռու մարզի Մեծավան գյուղում՝ ամուսնու մորաքրոջ տանը։
«Պայմանները շատ ծանր են, չեմ կարող նկարագրել։ Պետք է տեսնել։ Սկզբում եկանք Մասիս, մի տղա կար, երեխաների հուղարկավորության կազմակերպման հարցում օգնեց, երեք ամիս էլ նրա ընկերոջ տանն ապրեցինք։ Հետո ասեցին՝ տունը ուզում ենք ռեմոնտ անենք, մերոնք գալիս են։ Երկու երեխա էլ ունենք, չէինք կարող դրսում մնալ։ Հիմա Մեծավանում ենք, որդիներիս գերազմանից 180 կմ հեռու է։ Հիմա Սիս գյուղում մի տուն կա, ասում են, ռեմոնտ են անելու, տան մեզ, հինգ տարի ապրենք»,-Panorama.am-ի հետ զրուցում ասում է Զարինեն։
Տեղից տեղ տեղափոխվելու հետևանքով վեցամյա որդին՝ Սեյրանը հիմա դպրոց չի գնում։
Չնայած երիտասարդ տարիքին՝ կինը հասցրել է անցնել անասելի դժվարությունների միջով, ունեցել է սարսափելի կորուստներ։ Դեռ երեխա էր, երբ մահացավ մայրը, հետո՝ եղբայրը, անցած պատերազմի ժամանակ գլխից վիրավորվել է ամուսինը, մահացել են ամուսնու երկու եղբայրները, 2023-ի սեպտեմբերին հյուծված արցախցիների վրա ադրբեջանցիների հարձակման հետևանքով զոհվեցին դպրոցահասակ որդիները, մյուս որդին՝ Սեյրանը վնասվածքներ ստացավ...
Հիմա ընտանիքում որևէ մեկը չի աշխատում։
«Ամուսինս կանտուզիա է տարել, վիրահատել են լեղապարկը։ Մեկ-մեկ վատանում է գլխի ցավերից։ Երեխաների մահից հետո ավելի հաճախ։ Ի վիճակի չենք դեռ, որ աշխատենք»,-իրավիճակը ներկայացնում է կինը։
Ընտանիքը նպաստ չի ստանում։
«Ասում են՝ ծնողների զագսի թուղթ է պետք, էլի փաստաթղթեր։ Ես ութ տարեկան եմ եղել, որ մամաս մահացել է, որտեղի՞ց ճարեմ։ Ես իմ երեխաներին չկարողացա գյուղից ողջ, առողջ հանել, թղթե՞րը պետք է ման գայի։ Եղած թղթերը հանձնել եմ, բայց դեռ պատասխանը չեմ ստացել։ Գոնե երեխուս նպաստը տան, ուտելիքի հարցը լուծենք»,-սրտնեղում է Զարինեն։
Թշնամու հարձակումից վիրավորված վեցամյա Սեյրանն էլ դեռ բուժման, ապաքինման կարիք ունի։ Ցավեր է ունենում գլխի, ոտքերի շրջանում, բարձր ձայներից նյարդայնանում է, վախենում։
«Բարձր ձայն լսելիս ամեն ինչ աչքի առաջ է գալիս։ Ասում է՝ մամա, խփում են։ Սեյրանն իր աչքով է տեսել Միքայելի՝ ավագ եղբոր մահը։ Ես հիվանդանոցում էի, որ երեխաներին բերեցին։ Ահավոր վիճակ էր, մեկի ձեռքը չկար, մյուսի... միայն Դավիթին եմ հիշում՝ գյուղապետի տղուն։ Մոտիկացել եմ, ասել եմ, Դավիթ, բալես, դու ուժեղ ես, կդիմանաս, իմ երեխեքից խաբար ունե՞ս։ Էլ ոչինչ չեմ հիշում, հետո իմացա Դավիթը մահացել է»,-պատմում է դժոխքը սեփական աչքերով տեսած արցախցի կինը։
Նա տեսել է մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է որդու՝ Միքայելի կոկորդից արյունը դուրս հորդում, ապա սկսում է խռխռալ, ինչպես է վեցամյա Սեյրանը թումբի վրա ծնկաչոք մամա կանչում... Տեսանյութն արել է համագյուղացի մի աղջիկ, ապա այն հայտնվել է սոցիալական ցանցերում...
Զարինեի ողբերգության մասին պատերազմի թեժ օրերին գրեց BBC-ն։ Շրջափակման օրերին ուտելիքի պակասից հյուծված երեխաներին սնունդ գտնելու հույսով այլ կանանց ու մեկ ուսուցչուհու հետ Զարինեն սեպտեմբերի 19-ին Ասկերան էր գնացել։
«Իմացանք, որ կռիվ է։ Ես զանգեցի մեկ ուրիշ ուսուցչուհու, խնդրեցի՝ իմ երեխաներին տանի մեր բարեկամի՝ Լաուրայենց տուն։ 17 տարեկան տղան գնացել է, սակայն հարևանը չի թողել, որտեղ մենք, այնտեղ նրանք, մենք նրանց կփրկենք... Երեխաների մարմինները չորրորդ օրը բերեցին գյուղից։ Ինձ չէին թողնում տեսնել, ահավոր վիճակ էր, բժիշկներն ասեցին՝ կմաքրենք նոր։ Ես ասեցի՝ չէ, քանի որ տեղեկություններ էի ստացել, որ չկան ամուսինս, ամուսնուս չորս եղբայրները... Ես արդեն համարում էի՝ ոչ ոք չունեի։ Ստիպեցի, որ թողնեն։ Տեսա, Նվերի մարմինը... կտոր-կտոր էր դառել, ձեռքը կտրված, մարմինը՝ այրված։ Միքայելինը միայն կոկորդն էր վիրավոր, եթե այդտեղ չկպներ, նա ողջ կմնար...»,-լացը զսպելով՝ ասում է Զարինեն, ում հարցերն ու դրանց չտրված պատասխաններն ամեն րոպե տանջում են։
Հիմա Զարինեն մի ցանկություն ու նպատակ ունի, կարողանան սարքել երեխաների գերեզմանը. «Հիմա իմ երազանքն է, որ կարողանանք երեխոց գերեզմանը սարքենք։ Ուրիշ նպատակ չունեմ»։