Զինակոչիկի հանկարծամահության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել, փորձաքննություն է նշանակվել
ունվարի 06-ին ժամը՝ 04:21-ին բուժհաստատությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը ժամը 03:45-ի սահմաններում Ալիխանյան եղբայրների փողոցի համապատասխան հասցեում արձանագրել է 2003թ․ ծնված Է․ Հ․- ի կենսաբանական մահը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, առողջական խնդիրների պատճառոց շարունակ տարկետում ստացող Էրիկ Հարությունյանին նշանակում են ստացիոնալ մեկուսացված խիստ հսկողության պայմաններում զննում Երևանի թիվ 8 հիվանդանոցում. «Անցնելով այդ դաժան կազմակերպած ստուգման միջով՝ նուն օրը հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը ժամը 03:00-ին Էրիկ Հարությունյանը մահանում է սրտի կաթվածից»:
ՔԿ-ից հայտնում են, որ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Տեղի ունեցած մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Է․ Հ․-ի մահվան պատճառը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Վերոնշյալ հասցեում կատարվել է դեպքի վայրի զննություն:
ՔԿ փոխանցմամբ, նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներով տվյալ պահին տուժողը գտնվել է իր քրոջ և նրա ամուսնու՝ նշված հասցեում գտնվող տանը, նրանց հետ միասին: Կանչված շտապօգնության բրիգադը տուժողին ցուցաբերել է առաջին օգնություն ու տեղափոխել բուժհաստատություն, սակայն հիվանդանոց վերջինիս հասցվել է արդեն մահացած վիճակում։
Քրեական վարույթով հետագայում ստացվել են տվյալներ Է․ Հ․-ի մոտ առողջական խնդիրների առկայության, ինչպես նաև մինչ այդ համապատասխան բժշկական ստուգումներ անցնելու մասին։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում մահվան պատճառները պարզելու, դրան նախորդած հանգամանքներին առնչվող բոլոր, այդ թվում նաև մամուլում շրջանառվող տվյալներն ստուգելու նպատակով։
Ելնելով դրանից՝ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողությունները կստանան իրավական գնահատականներ։