Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
«Այսօր նշանակվել եմ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրենի պաշտոնում (ԺՊ)։
Գրականություն, իմաստասիրություն, արվեստագիտություն, մարդաբանություն կրող և փոխանցող Թումանյան։ Մանկության և պատանեկության տարիներին նա ինձ համար բարու ուղենիշ ու խորհրդանիշ էր։ Երիտասարդության տարիներին «կտրվեցի» նրանից։ Մտերմացել էի արևմտյան գրողներին ու ստեղծագործություններին։
Այսօր Թումանյանին մոտ գտնվելու, Թումանյան քարոզելու, Թումանյան կրելու, Թումանյանին նմանվելու և Թումանյանից դասեր քաղելու արժանապատիվ պայմաններ են ստեղծվել։ Բարեշրջության, խորքային մարդասիրության, ժողովուրդների հոգեբանությունն ու մարդկային իդեալը բացառապես հոգևոր մտակարգում դիտարկող Թումանյանի մեջ կսփոփեմ նաև Արցախի` իմ ցավը։
Անհունը կամրջող, համընդհանուր պատճառականությունից ու պայմանականություններից զերծ թումանյանականության մեջ կզգամ գեղեցիկի, բարու և ճշմարիտի հավաքական ներուժը, իսկ բանահյուսական կառուցակերտ ստեղծագործություններում և մշակումներում կնորոգեմ հավատս «ժողովուրդների ազնվացման», «բարոյական մեծության», «կատարելության սահմանի»
և թումանյանական այլ արժեքների նկատմամբ։
Թումանյանի հետ հեշտ կլինի մանկություն վերադառնալն ու այն վերաարժևորելը, ցավի հետ ապրելն ու այն իմաստավորելը, կորցրածի հետ չհաշտվելն ու չհրաժարվելը...
Գործել Թումանյանի թելադրանքով Թումանյանին լավագույնս ճանաչող, Ամենայն Հայոց բանաստեղծի ֆենոմենը սերունդներին փոխանցող թանգարանի կոլեկտիվի և ոլորտը համակարգող կառույցի հետ։
Շնորհակալ եմ Ժաննա Անդրեասյանին առաջարկի համար»,- գրել է Լ.Ղարախանյանը։
Հիշեցնենք, որ Անի Եղիազարյանն ազատվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնից 2023-ի հոկտեմբերի վերջին։
Հարակից հրապարակումներ`
- Թումանյանի թանգարանի տնօրենինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ ԿԳՄՍ նախարար
- ԿԳՄՍ փոխնախարարի արձագանքը՝ Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնում յուրայինի նշանակելու մասին
- ԿԳՄՍ նախարարությունը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին
- Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը կդիմի դատարան
- Թումանյանի թանգարանի տնօրեն. Իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված