Մկրատաձև դիրք ընդունած բեռնատարներ Հանրապետության ճանապարհներին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 10-ին, ժամը 20:50-ին ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է՝ երկկողմանի փակելով ճանապարհը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93-րդ կմ-ին «CNHTC» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ս․ Մ․ Կ․) ճանապարհի երթևեկելի գոտում ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարից։
Փրկարարները հոսանքազրկել են կցորդիչով բեռնատարը և ՃՇՇ-ի աշխատակիցների հետ քարշակման միջոցով դուրս են բերել երթևեկելի գոտուց։
Նույն օրը Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով Սպանդարյան գյուղի խաչմերուկում 2 բեռնատար ընդունել են մկրատաձև դիրք և խոչընդոտում են երթևեկությանը. բեռնատարները ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գորայքի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակման միջոցով օգնություն են ցուցաբերել երթևեկությանը խոչընդոտող 3 բեռնատարի, իսկ մկրատաձև դիրք ընդունած բեռնատարներից մեկը ուղղել են մասամբ. երթևեկությունը վերականգնվել է: