ՔՊ-ն Արմավիրի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Վարշամ Սարգսյանին
Դավիթ Խուդաթյանը, ով այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզպետ՝ ազատվելով Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնից, հայտնում է, որ Արմավիր համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին։
«Սիրելի՛ արմավիրցիներ,
կառավարության այսօրվա նիստով նշանակվել եմ Արմավիրի մարզպետ ու նշանակումով պայմանավորված՝ երեկ ազատվել եմ Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնից:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին և կառավարությանը` բարձր վստահության համար:
Սիրելի՛ արմավիրցիներ, շնորհակալ եմ Ձե՛զ Արմավիր համայնքի ղեկավարի կարգավիճակով Ձեզ ծառայելու երկու հնարավորությունների համար, որը փորձել եմ օգտագործել արդյունավետ:
Այժմ չեմ ուզում անդրադառնալ շուրջ վեց տարվա ընթացքում արված և ընթացքում գտնվող աշխատանքներին. դրա առիթը վստահաբար դեռ կունենամ:
Ուզում եմ ընդամենը ասել, որ Արմավիր համայնքում աշխատանքս արել եմ անմնացորդ նվիրումով, մաքուր սրտով ու մաքուր ձեռքերով:
Շնորհակալ եմ Հանրապետության ամենամեծ ավագանու խմբակցությանը` Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի թիմին, համայնքապետարանի անձնակազմին, համայնքապետարանի ենթակա կառույցների անձնակազմերին, մարզային և համայնքային գործընկերներին` համատեղ աշխատանքի համար:
Արմավիր համայնքի ավագանու Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին, և հունվարի 15-ին համայնքի ղեկավար ընտրելու համար ավագանու արտահերթ նիստ կգումարի:
Վստահ եմ՝ պարոն Սարգսյանի ղեկավարությամբ Արմավիր համայնքը կզարգանա, հաջողությամբ կշարունակվեն ընթացքում գտնվող ծրագրերը, բազմաթիվ նոր ծրագրեր կիրականացվեն:
Արմավիրի մարզի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ գործընկերներ, մարզպետի պաշտոնում ևս կշարունակեմ անմնացորդ ծառայել ծննդավայրիս` Բագարանից մինչև Փարաքար, Մարգարայից մինչև Քարակերտ:
Հեշտ չի լինելու, բայց միասին հաջողելու ենք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Դ. Խուդաթյանը ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահն է։ Նա Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 27-ի որոշմամբ նշանակվել էր Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել էր Արմավիրի քաղաքապետի պաշտոնում։
Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանն ազատվել էր պաշտոնից այս տարվա հունվարի 5-ին Փաշինյանի՝ մարզ կատարած այցից և մարզում վերանորոգված դպրոցի սանհանգույցի անորակ «դուշի» բացահայտումից հետո»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ
- «Հրապարակ». Փաշինյանն Արմավիրի նոր մարզպետի պաշտոնում կնշանակի իր սանիկ Դավիթ Խուդաթյանին
- Արմավիրի մարզպետը Սահմանադրության խախտմամբ է ազատվել աշխատանքից.Էդգար Ղազարյան
- Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից