Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը դիմել է դատարան
Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայց է ներկայացրել քաղաքացիական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանի՝ հոկտեմբերի 27-ի իրեն աշխատանքից ազատելու հրամանը։ Panorama.am-ի հետ զրույցում Անի Եղիազարյանն ասաց, որ այդ հայցով իր անհամաձայնությունն է հայտնել նախարարի կայացրած հրամանին։
Ըստ նրա, եթե կա այնպիսի արդարդատությունը, ինչպիսին պետք է լինի ժողովրդավար և արդարադատ երկրում, ուրեմն դրական արդյունքների համար հիմքերը բավական շատ են։
Հարցին, արդյո՞ք կվերադառնա թանգարան, եթե դատարանը չեղարկի նախարարի որոշումը, Ա. Եղիազարյանն ասաց. «Անշուշտ, այնպես չէ, որ բացարձակ հեռու եմ թանգարանից։ Այս ամիսների ընթացքում ես չէի կարող ուղղակի անտեսել թանգարանի կյանքում առկա ճգնաժամը, միշտ իմ գործընկերների զանգերին արձագանքել եմ, փորձել իմ մասնագիտական աջացություն ցուցաբերել, որպեսզի կարողանան ընթացքը վարել։ Թումանյանի թանգարանը կառույց է, որտեղ իմ կյանքի 15 տարիներն եմ անցկացրել, բազում ծրագրերի պատասխանատու ղեկավարը, հիմնադիրն եմ եղել։ Ինձ համար կարևոր է կառույցի անխափան գործունեության ապահովումը»։
Ինչ վերաբերում է ազատման հիմքին՝ առանց նախարարի հրամանի մեկնել է գործուղման, ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման, թե՞ կոնկրետ իրեն աշխատանքից ազատելու միտում է տեսնում, Ա. Եղիազարյանն ասաց. «Չեմ կարող ասել, ամեն դեպքում որոշումը կայացվել է ըստ հրամանի։ Այլ բաներ՝ ինչ խմորումներ, ինչ ներքին դրույթներ, դրանց անտեղյակ եմ, առավելապես որևէ կերպ հաղորդակցում չի եղել, ուղիղ որևէ բան չեմ ստացել, դա եղել է միայն փաստաթղթային և այն էլ հրամանի տեսքով»։
Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը։ Անի Եղիազարյանը բարի ընթացք մաղթեց նրան. «Հուսամ, որ 70-ամյա թանգարանի ավանդույթները կպահպանվեն այնպիսին, ինչպիսին որ Թումանյանի այրին ու դուստրերը հիմնադրել են թանգարանը։ Լավ ընթացք եմ մաղթում։ Ցավոտ էր, որ երկու ամիս և ավելի թանգարանը բացիթողի վիճակում էր գտնվում։ Հուսամ՝ այս նշանակումն արդյունավետ կլինի»։
Հարակից հրապարակումներ`
- Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար
- Թումանյանի թանգարանի տնօրենինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ ԿԳՄՍ նախարար
- ԿԳՄՍ փոխնախարարի արձագանքը՝ Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնում յուրայինի նշանակելու մասին
- Ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի
- ԿԳՄՍ նախարարությունը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին
- Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը կդիմի դատարան
- Արքմենիկ Նիկողոսյան. Դուք ո՞վ եք, արա․․․
- Թումանյանի թանգարանի տնօրեն. Իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին