Փոխնակ մոր ծրագրով զոհված զինծառայողների ընտանիքում 28 երեխա է ծնվել. նախարար
«Հայաստանում պետպատվերի շրջանակում հասանելի բոլոր ծառայությունները ԼՂ բռնի տեղահանվածներին տրամադրվում է պետության փոխհատուցմամբ անվճար»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ ծառայություններից օգտվելու որոշակի կարգ կա, դրա համար քաղաքացին նախ պետք է գրանցվի ու կցագրվի ամբուլատոր օղակում, ստանա առաջնային բուժօգնության, կարիքի պարագայում բժշկի ուղեգրի հիման վրա ստանա հիվանդանոցային բուժծառայություն։
«Այս պահին ունենք 67 հազար քաղաքացիներ, որոնք արդեն գրանցվել են ամբուլատոր օղակում։ Կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունում գործող պետպատվերի ողջ ծավալը հասանելի է նրանց համար անվճար»,-ասաց նա։
Նախարարի խոսքով, այս պահին ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվել է 5796 հիվանդանոցային բժշկական ծառայություն։
Անդրադառնալով զոհված զինծառայողների ծնողների համար նախատեսված փոխնակ մոր ծառայության արդյուննքերին, Ավանեսյանը նախ նշեց՝ ինքը շատ կարևորում ու անհրաժեշտ է համարում անպտղության հաղթահարման ծրագիրը։
«Տարեցտարի պետությունը մեծացնում է տրամադրվող միջոցների շրջանակը, շահառուների թիվը։ 2023-ին իրականացրած փոփոխությունների արդյունքում տարիքային շեմերը փոխվեցին, շահառուների շրջանակն ընդլայնվեց։ Պետությունը զոհված զինծառայողների ծնողների համար նախատեսեց փոխնակ մոր ծառայությունը։ Սկզբնական շրջանում քչերն էին օգտվում այս ծառայությունից, բայց ի ուրախություն մեզ, այս հնարավորությունը շատ լավ ընկալվել է մեր հայրենակիցների կողմից։ Մենք նկատում ենք, որ զոհված զինծառայողների ընտանիքներում լսվող ճիչը ոգևորում է այլ ընտանիքների դառնալ շահառու։ Միայն այս ծրագրի շրջանակում 2023-ի ընթացքում 28 երեխա է ծնվել զոհված զինծառայողների ընտանիքներում։ Այս ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ անցած տարվա ընթացքում ծնվել է 159 երեխա»,-ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով, նախատեսում են օրենսդրական փոփոխություններ, որոնց նպատակն է ընդլայնել շահառուների թիվը։
«Հայաստանում կա նաև երկրորդային անպտղության խնդիր։ Կառավարությունը նպատակ ունի այս ուղղությամբ էլ ծրագրեր իրականացնել»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան