Բրիտանացի երգիչները Սինատրայի հիթերը կներկայացնեն երևանյան բեմում
«Նրա ձայնն օժտված է այնպիսի հարուստ, թանձր ու սահուն հնչողությամբ, որ երկրորդ այդպիսին դժվար է գտնել», - այսպես է բնութագրում Մարվին Մուոնեկեին բրիտանական մամուլը, ով առաջին անգամ ելույթ կունենա Երևանում՝ կատարելով Ֆրենկ Սինատրայի երկացանկի հիթերը:
Հունվարի 13-ին և 14-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի «Christmas Sinatra» խորագրով համերգը: Որպես մենակատար հանդես կգա Բրիտանական «The Voice» և «Got Talent» մրցույթների ամենավառ մասնակիցներից Մարվին Մուոնեկեն և համերգի հյուր՝ բրիտանացի տաղանդավոր փոփ երգչուհի Քելլի Յանգը:
Համերգը կղեկավարի ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Երվանդ Երզնկյանը: Համերգին կմասնակցի նաև Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (խմբավար՝ Էմմա Առաքելյան):
Ջազ երգիչ, երգահան, գործիքավորող, հրաշալի շեփորահար Մարվին Մուոնեկեն Երևանում լրագրողների հետ զրույցում ասում է, որ իր համար մեծ պատիվ է ելույթ ունենալ երևանյան բեմում ու ներկայացրել Սինատրայի երգերն իր մեկնաբանությամբ։
«Ինձ համար մեծ նշանակություն ունեն Ֆրենկ Սինատրան և նրա թողած համաշխարհային ժառանգությունը: Նա երաժիշտ էր, որը պայքարում էր մարդկանց, սևամորթների իրավունքների համար, ինչը ես բարձր եմ գնահատում: Նա համագործակցել է մեծ երաժիշտների հետ: Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Սինատրայի երգերն այս հիասքանչ դահլիճում և այս հրաշալի նվագախմբի նվագակցությամբ»,-ասում է Մարվին Մուոնեկեն։
Բրիտանացի տաղանդավոր փոփ երգչուհի Քելլի Յանգը նույնպես մեծ ոգևորությամբ է սպասում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը։
«Մեծ սիրով են մեզ վերաբերվում այստեղ։ Հաճելի է նվագախմբի հետ համագործակցությունը։ Վստահ եմ՝ գեղեցիկ համերգ է ստացվելու, նաև անակնկալ ենք պատրաստել»,- ասում է երգչուհին։
ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Երվանդ Երզնկյանի խոսքով, Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Սինատրան շատ լավ է հնչում. «Շատ ավելի լավ, քան ես սպասում էի»։