ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը հարվածներ են հասցրել Եմենին
«Այսօր իմ ցուցումով ԱՄՆ-ի զինված ուժերը Բրիտանիայի հետ և Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի ու Նիդեռլանդների աջակցությամբ հաջողությամբ հարվածեցին Եմենում մի շարք թիրախների, որոնք օգտագործվում են հութի ապստամբների կողմից՝ սպառնալու համար նավարկության ազատությանը աշխարհի ամենահայտնի կարևոր ջրային ուղիներից մեկում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բայդենը։
Նա նշել է, որ այս հարվածներն ուղղակի պատասխան են հութիների աննախադեպ հարձակումների Կարմիր ծովում նավագնացության վրա, ներառյալ հականավային բալիստիկ հրթիռների առաջին կիրառումը. «Այս հարձակումները վտանգի են ենթարկել ամերիկյան զորքերին, քաղաքացիական նավաստիներին և մեր գործընկերներին՝ վտանգելով առևտուրն ու նավարկության ազատությունը»։
Մինչդեռ Բայդենի գործընկեր դեմոկրատ կոնգրեսական Ռո Հաննան ասել է, որ Բայդենը խախտել է ԱՄՆ Սահմանադրությունը՝ առանց Կոնգրեսի թույլտվության հարվածներ հասցնելով Եմենին։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Եմենում 16 օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ՝ խոցելով ավելի քան 60 թիրախ:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ կապված Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակման հետ: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։