Միյատովիչ. Մինչ հնարավոր վերադարձը, պետք է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին իրենց տներ, հարազատների գերեզմաններ այցելելու հնարավորություն տրվի
«Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է իրենց բանակցություններում կենտրոնանան մարդու իրավունքների պաշտպանության վրա և ստեղծեն մարդու իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքներ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար», - նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ հրապարակելով իր դիտարկումներն անցած տարվա հոկտեմբերի 16-23-ը Հայաստան և Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ այցի արդյունքում։
ԵԽ-ից նշում են՝ սա առաջին դեպքն է տասնամյակների ընթացքում, երբ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացել է այցելել Ղարաբաղ։
Այցի պատճառը Ադրբեջանի կողմից սեպտեմբերի վերջին Արցախից 101,000 մարդկանց բռնի տեղահանումն էր։ Այն հաջորդել է սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, մարդկանց տեղաշարժի և հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև խափանումներին, որոնք զգացին իրենց մաշկի վրա արցախահայերը իննամսյա շրջափակման արդյունքում:
Նշվում է, որ Հայաստանում հանձնակատարը զրուցել է Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հետ, որոնք գտնվում էին իշխանությունների տրամադրած ապաստարաններում։
Ստեփանակերտի բնակչության հեռանալուց հետո հանձնակատարը ականատես է եղել դատարկ փողոցների, լքված տարածքների, քաղաքացիական անձինք գրեթե չեն եղել։
«Իր լսածի և տեսածի հիման վրա հանձնակատարը եզրակացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Ղարաբաղի հայերը հայտնվեցին լքված վիճակում՝ առանց որևէ կողմի հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների, և նրանց համար տնից հեռանալը միակ ողջամիտ տարբերակն էր»,-նշել է Միյատովիչը։
Ողջունելով Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ Ղարաբաղի տարածաշրջանից ժամանած բոլոր կարիքավորներին առաջին տարրական օգնություն տրամադրելու ուղղությամբ, հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան փախած արցախցիների և, մասնավորապես, խոցելի խմբերի ներկայացուցիչների համար պետք է երաշխավորվի բոլոր անհրաժեշտ աջակցության հասանելիությունն անմիջական, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:
«Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պետք է կենտրոնանան ֆինանսական աջակցության վրա՝ ապահովելու, որ տեղահանվածների և նրանց ընդունող բնակչության հումանիտար կարիքները լիովին բավարարվեն», - ավելացրել է հանձնակատարը:
Հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստանում վերջերս տեղահանված ղարաբաղցի հայերին պետք է հնարավորություն տրվի ապահով և արժանապատիվ վերդարաձի համար, ներառյալ ճկուն լուծումներ գտնելու միջոցով, մասնավորապես՝ կապված նրանց քաղաքացիության և իրավական կարգավիճակի, նույնիսկ եթե դա հիպոթետիկ է թվում այս պահին։
«Մինչ հնարավոր վերադարձը, պետք է անհապաղ ուղիներ գտնել, այդ թվում՝ անվտանգության երաշխիքներ հաստատել, որպեսզի ղարաբաղցի հայերը ժամանակավորապես մուտք գործեն իրենց տները, բնակության վայրերը, այցելեն գերեզմաններ, որտեղ թաղված են հարազատները: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել, որ ղարաբաղցի հայերի թողած ունեցվածքը պաշտպանված լինի թալանից, գողությունից կամ տիրանալուց: Այն սակավաթիվ էթնիկ հայերը, ովքեր մնացել են Ղարաբաղի տարածաշրջանում, նույնպես պետք է օգտվեն մարդու իրավունքների պաշտպանությունից, պետք է ապահովել նրանց ազատ տեղաշարժը»,-նշել է Միյատովիչը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր նպատակը տեղահանված անձանց խնդիրներին համակողմանի ծանոթանալն է․ Դունյա Միյատովիչ
- Արարատ Միրզոյանը հանդիպել է Դունյա Միյատովիչի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան