Պարզապես պետք է իմանալ պատմությունը. Մարիա Զախարովան զգուշացրել է Սարգիս Խանդանյանին
Արևմուտքին հաճոյանալու համար պետք չէ, այնուամենայնիվ, հասնել ծայրահեղության և անհեթեթության մեջ ընկնել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հայտարարությունը, թե բանակցությունները Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում «միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցությունները և նաև ռիսկերն ավելի կառավարելի են դարձնում»։
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ, ցավոք, նման բաներ ասող մի շարք մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը։ Սա մեր՝ նման դիրքորոշումը չհասկանալու հարցը չէ, ոչ մի դեպքում, սա շատ կարևոր խնդիր է հենց Հայաստանի համար։
Հարավային Կովկասում իսկապես կայուն խաղաղության հաստատման ոչ այլընտրանքային ճանապարհային քարտեզը Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերն են, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին։ Վաշինգտոնն ու Բրյուսելը կամ ուղղակիորեն կրկնօրինակեցին դրանք, հիշեցնեմ նրանց, ովքեր խոսում են Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակների ավելի մեծ լեգիտիմության մասին, կամ փոխել են դրանք` ելնելով իրենց պատեհապաշտական շահերից։ Ինչպիսի՞ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել անգամ նման կեղծ միջնորդների դեպքում, եթե հաշվի առնենք, որ հավաքական Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ բացահայտ խախտում է միջազգային իրավունքը, հրահրում է պատերազմներ, հակամարտություններ, կազմակերպում գունավոր հեղափոխություններ, բոլորին պարտադրում հենց արևմտյան հորինած կանոնները։
Եվս մեկ շատ կարևոր կետ. եթե Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում ինչ-որ բան քննարկվի, որը, օրինակ, կհակասի Հայաստանի ազգային շահերին, ապա չե՞ն հիշի նման քաղաքական գործիչների հայտարարությունները, որ այդ հարթակներն իրենք են հայտարարություններով և փաստաթղթերով ավելի մեծ լեգիտիմություն են տալիս։
Պետք է պարզապես իմանալ պատմությունը, ձեր երկրների և տարածաշրջանների պատմությունը, համաշխարհային պատմությունը»,- ասել է նա՝ նշելով, որ շատ հաճախ Արևմուտքի լավագույն և ամենահավատարիմ ընկերները տապալվում են հենց նրա օգնությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան