Սրանք փաստերը խեղաթյուրելու փորձեր են. Մարիա Զախարովան՝արցախցիներին խաղաղապահների չպաշտպանելու մասին հարցին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է մի շարք հայ գործիչների հայտարարություններն այն մասին, որ ռուս խաղաղապահները 2023 թվականի սեպտեմբերին չեն պաշտպանել խաղաղ բնակիչներին Լեռնային Ղարաբաղում և թույլ են տվել բնակչության էթնիկ զտումներ։
«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները և դրանք համարում ենք ապակառուցողական և իրականությանը չհամապատասխանող։ Տարօրինակ է, որ դրանք շարունակում են։ Մենք շատ վստահելի, լավ, սերտ երկխոսություն ենք հաստատել Հայաստանի արտգործնախարարության մեր գործընկերների հետ։
Մենք բազմիցս ներկայացրել ենք Ռուսաստանի դիրքորոշումն այս հայտարարությունների վերաբերյալ և ասել, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և, իհարկե, ոչ մի բանի չեն նպաստում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծմանը։ Բայց, ցավոք, դա, ըստ երևույթին, ձեռնտու է ինչ-որ մեկին այնտեղ։ Չգիտեմ՝ սա ինչ-որ մեկին ձեռնտու է Հայաստանում, ձեռնտու է արդյոք Հայաստանի արտերկորւմ, դժվար է ասել։ Մենք կարծում ենք, որ դրանք փաստերը կեղծելու փորձեր են՝ պատասխանատվությունից խուսափելու համար։ Ես դա այլ կերպ չեմ կարող գնահատել»,-ասել է Զախարովան։
Որպես իր խոսքի ապացույց նա մեջբերեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը, որում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ուղարկվում է տարածաշրջան «հրադադարի մասին պայմանավորվածությունները պահպանելու, ինչպես նաև խուսափելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության զանգվածային զոհերից և խաղաղ բնակչությանը զգալի վնաս պատճառելուց։
Զախարովան հարց ուղղեց բոլոր նրանց, ովքեր, վկայակոչելով այս փաստաթուղթը, փորձում են ինչ-որ բանում մեղադրել Ռուսաստանին.
«Սրանցից որևէ մի կետ չի իրականացվե՞լ: Եթե ինչ-որ մեկը խիղճ ունի, կամ դրա բացակայության դեպքում՝ հանդգնություն ասելու, որ դրա մի մասը չի կատարվել, ներկայացրեք փաստերը, ձեր փաստարկները դրեք սեղանին։ Բայց դրանք չկան, բացի հիստերիայից ու վիրավորանքներից»,- ասել է Զախարովան։
«Կատարվեց ճիշտ այն, ինչ գրված էր փաստաթղթում, հնարավոր եղավ կանխել հենց այն, ինչին վերաբերում էր այս փաստաթուղթը։ 2023 թվականի սեպտեմբերին տարածաշրջանում վերջին էսկալացիայի ժամանակ ռուս խաղաղապահների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, նրանց ակտիվ միջնորդությամբ, 2023 թվականի սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցություններ են վարվել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների միջև։
Ռուս խաղաղապահները ապաստան են տրամադրել խաղաղ բնակիչներին, հումանիտար օգնություն են հասցրել և կազմակերպել բժշկական տարհանումներ։ Եվ ոչ ոք իրավունք չունի վիրավորել նրանց, և մենք նրանց վիրավորողներին պատասխան կտանք»,-ասել է Զախարովան և հավելել. «Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումներին, նորից կցանկանայի նշել որոշ փաստեր։ Եթե կա գոնե որևէ փաստաթուղթ Երևանում հեղինակավոր համարվող որևէ միջազգային կազմակերպությունից կամ որևէ հայտարարություն, որը ցույց կտա, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում ենք տրամադրել մեզ այս փաստաթղթի հղումները։
Մենք մեր կողմից բազմիցս նշել ենք Բաքվի հայտարարությունների հիման վրա հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադարձի համար պայմաններ ստեղծելու կարևորությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Պարզապես պետք է իմանալ պատմությունը. Մարիա Զախարովան զգուշացրել է Սարգիս Խանդանյանին
- С Новым годолгом. Զախարովան շնորհավորել է ԱՄՆ-ին
- Զախարովա. Այդ հարցը պետք է ուղղել բրյուսելցի ֆոկուսնիկներին